Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
Փաստաբաններն այս դիմումով վիճարկում են Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորություն դիմաց: Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի ժամը 5:30-ին:
Այսօրվա դատական նիստում իրենց խոսքն ասացին տուժողների ներկայացուցիչները: Փաստաբան Տիգրան Եգորյանը երկու ժամից ավելի ելույթ ունեցավ և նշեց, որ Քոչարյանը չի կարող գտնվել ազատության մեջ, քանի որ կա ռիսկ, որ նա կխոչընդոտի գործի քննությանը: Միևնույն ժամանակ ասաց, որ այն անձինք, ովքեր անձնական երաշխավորություն են տվել, չունեն այն վստահությունը, որով կարելի է առաջնորդվել: Եգորյանը մասնավորապես նշեց, թե նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ժամանակին վատ է արտահայտվել նախկին նախագահի հասցեին, իսկ հիմա արդեն անձնական երաշխավորություն է ներկայացրել:
«Վազգեն Մանուկյանը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ որ նրա կախվածությունը Ռոբերտ Քոչարյանից կամ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ ֆինանսական է», - ասաց փաստաբանը:
Եգորյանին հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա մասնավորապես անդրադարձավ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին Եգորյանի հայտարարությանը, թե նա կաշկանդված է, քանի որ Քոչարյանը նրան ժամանակին վարչապետ է նշանակել:
Հայկ Ալումյանը պնդեց, որ նախկին նախագահը, որը հինգ ամիս գտնվել է ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, նաև չի փորձել թաքնվել: Բացի դա ԱԱԾ-ն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը որպես նախկին նախագահ, և դա նշանակում է, որ Քոչարյանը չի կարող որևէ այնպիսի գործողություն անել, որը կազդի այս գործի քննության վրա:
«Եթե պարոն Եգորյանի նման իրավաբանն այդ բանն ասում է, բայց հիմնավորում, ոչ մի բան չի ներկայացնում, դա նշանակում է՝ ինքը դա չի ասում, որպեսզի ազդի Ձեր որոշման վրա դրական կամ բացասական իմաստով, դա պարզ է՝ ինչի համար է ուզում ասել», - ասաց Քոչարյանը փաստաբանը: