Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն նախ բոյկոտեց ԱԺ նիստը, ապա հայտարարեց 2 նախաձեռնությամբ հանդես գալու որոշման մասին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտեց Ազգային ժողովի նիստը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը քաղաքական համարելով։

«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական բեսպրեդելը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը, և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը», - հայտարարեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ազատության» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը շեշտեց. - «Սա շինծու, որևէ փաստային ապացույցային հիմք չունեցող քրեական գործ է»:

Հարցին, թե ինչպե՞ս է ԲՀԿ-ն շարունակելու իր գործունեությունը, եթե Գագիկ Ծառուկյանը լինի կալանավորված` հաշվի առնելով, որ այսօր երեկոյան այդ հարցը քննարկվելու է, նա պատասխանեց. - «Մենք որևէ սցենար այլևս չենք բացառում, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման: Պարոն Ծառուկյանին որևէ մեկը չի փոխարինելու, մենք մեր բոլոր քաղաքական որոշումները կայացնելու ենք կոնսենսուսի միջոցով»:

Իսկ ինչքա՞ն է տևելու այսօր հայտարարած բոյկոտը, նա ասաց. - «Մենք արդեն իսկ հայտարարեցինք, որ հակաօրինական, այսպես օրինագծեր, միջնորդություններ վավերացնող խորհրդարանում այս պահին մենք անելիք չունենք: Մենք հայտնեցինք մեր դիրքորոշումը դրա հետ կապված: Իսկ թե որ պահին ԲՀԿ-ն կվերադառնա խորհրդարանական աշխատանքին, մենք այդ մասին ևս կտեղեկացնենք»:

Իվետա Տոնոյանը, ի դեպ, բացառում է, որ խմբակցության շարքերից արտահոսք լինի, ինչպես եղել է նախկինում. - «Մենք ունենք քաղաքական ամուր թիմ, մեկ միասնական ընտանիք, և մենք այս այսպես ասած` փորձության միջից ևս միասնաբար դուրս ենք գալու` վստահաբար հաղթահարելով բոլոր տեսակի դժվարությունները»:

Խմբակցությունը միևնույն ժամանակ հայտարարեց, որ այսօր Ազգային ժողովում նախաձեռնում է երկու գործընթաց՝ ստորագրություններ է հավաքելու կորոնավիրուսի դեմ պայքարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու և Սահմանադրական դատարանում հավաքների կազմակերպման արգելքի իրավաչափությունը վիճարկելու համար։

«27 ստորագրություն հարկավոր է Սահմանադրական դատարան դիմելու համար, և 33 ստորագրություն հարկավոր է հանձնաժողովի համար: Ոչ, չենք կարող (առանց «Լուսավորի»), որովհետև մեր խմբակցությունում 25 պատգամավոր է: Մենք բանակցությունների մեջ ենք մեր գործընկերների հետ: Մենք կոչ ենք անում նաև այս գործընթացում մեզ միանալ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ», - ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստանից» ասում են՝ ի սկզբանե իրենցն էր նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, և այժմ կհամաձայնեն, եթե հանձնաժողովի նախագահը ԼՀԿ-ից լինի. - «Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը նախագահի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը: Ինչո՞ւ, որովհետև գաղափարը մեր գաղափարն է, և պետք է այս առումով առաջնահերթություն տրվի գաղափարի իրականացման գործում», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, նա ասում է՝ մինչև բարձր դատարան դիմելը հենց խորհրդարանում կարելի է փորձել այդ հարցը լուծել. - «Պարետատան որոշումը վերանայել և հնարավորություն տալ, որ դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով մեկը մյուսից լինի հնարավորություն` մարդկանց բողոքի ձայնը հնչեցնելու, որովհետև դա իմ կարծիքով` ֆունդամենտալ իրավունք է»:

Արդյոք համաձա՞յն են «Լուսավոր Հայաստանի» առաջարկներին` «Բարգավաճ Հայաստան խմբակցությունից հստակ պատասխան դեռ չեն տալիս, խմբակցության քարտուղար Արման Աբովյանը փոխանցեց՝ «այժմ քննարկումների մեջ են, շատ առողջ գործընթաց է գնում»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ կորոնավիրուսի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը միայն ուրախ կլինեն. - «Անձամբ ես գերազանց եմ գնահատում այդ երկու նախաձեռնությունները, որովհետև շատ կարևոր եմ համարում օրինակ` այդ հանձնաժողովի ստեղծման պարագայում, եթե այդ հանձնաժողովն ստեղծվի, մենք նաև կկարողանանք քննել այն լուրերը, որ տարածվում են առ այն, որ ձեր նշած կուսակցությանը մերձ խմբեր տարածում են այն լուրը, թե իբր կորոնավիրուսը իրականում գոյություն չունի, թե դիմակ կրել ընդհանրապես պետք չի, պատգամավորներ կան, որոնք նույնիսկ դիմակ չեն կրում: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, դրան նույնպես լավ եմ վերաբերվում, որովհետև վերջիվերջո պետք է կորդինատների ճշտում տեղի ունենա, այդ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում Ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք մեծ հաշվով համաձայն են Սահմանադրական դատարանի հետ կապված, որ խնդիրը գոյություն ունի, ասում էին բազմիցս, որ իրենք դեմ են քվեարկել նույնիսկ Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա: Այստեղ ես կարծում եմ` այս կորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի, ուղղակի վստահ չեմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը մենք մինչև այդ արդեն լուծում տված չենք լինի, և այդ կազմը քննի: Այ դրա հետ կապված ես խիստ կասկածներ ունեմ»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» կողմից Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուն, ապա Սիմոնյանն ասում է` անհասկանալի է, թե ինչ նպատակ է այդ քայլը հետապնդում. - «Դահլիճից դուրս գալ, գնալ` չհասկանալով, որ դահլիճից դուրս գալը մի այիբ է, վերադառնալը մեյ այլ այիբ է, այսինքն` եթե դուրս ես գալիս, կա՛մ պիտի չվերադառնաս, կա՛մ դրան պետք է հետևի մի կտրուկ քայլ: Եթե դու վերադառնում ես, արդեն քո դուրս գալն իմաստը կորցնում է»:

XS
SM
MD
LG