Մատչելիության հղումներ

Թբիլիսին պաշտոնապես հաստատում է հայտնի լրագրողի սպանությունը կանխելու փաստը


հեռուստալրագրող Գեորգի Գաբունիա «Մտավարի» հեռուստաընկերույունում, 17-ը հունիսի, 2020թ.
հեռուստալրագրող Գեորգի Գաբունիա «Մտավարի» հեռուստաընկերույունում, 17-ը հունիսի, 2020թ.

Պաշտոնական Թբիլիսին՝ մի քանի օր ձգված լռությունից հետո երեկ երեկոյան վերջապես հաստատեց, որ երկրի հատուկ ծառայություններին հաջողվել է աղմկալի մի հանցագործություն կանխել, որի հետքերը տանում են արտերկիր։ Խոսքը հայտնի ընդդիմադիր հեռուստալրագրող Գեորգի Գաբունիայի դեմ ծրագրվող մահափորձի մասին է։

Երեքշաբթի երեկոյան, Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում մահափորձի կանխման մասին օրեր շարունակ շրջանառվող լուրերը հաստատեց վարչապետ Գիորգի Գախարիան։

«Կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է ծանրագույն մի հանցագործություն կանխել։ Կառավարության ներկայացուցիչների, նաև իրավապահ համակարգի առաջնային պարտականությունն այժմ այս գործի շուտափույթ հետաքննությունն է։ Դա մի հանցագործություն է, որ ծրագրվում էր մեր երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ, ուստի մենք պետք է նախաքննության մասին ողջ տեղեկատվությունը թափանցիկ կերպով տրամադրենք հանրությանը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Վրացական հատուկ ծառայությունների գործողությունները երեքշաբթի երեկոյան հրապարակված հայտարարությամբ բարձր գնահատեց նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մարդը և մարդկային կյանքը բարձրագույն արժեք են և պաշտպանված են Վրաստանի Սահմանադրության կողմից», - նշված է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։

Լրագրող Գեորգի Գաբունիան Վրաստանի սահմաններից դուրս հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2019-ի ամռանը իր հեղինակային ծրագրի ընթացքում ուղիղ եթերում հայհոյախառն մի ուղերձ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Առաջիններից մեկն այդ միջադեպին արձագանքել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի իշխանությունները պաշտոնապես ներողություն խնդրեն Մոսկվայից և քրեական գործ հարուցեն լրագրողի դեմ։

Վրացական ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Մտավարի Արխիի» ղեկավար Նիկա Գվարամիայի պնդմամբ՝ Գաբունիայի չհաջողված մահափորձի պատվիրատուն ևս Կադիրովն է։ Դա է վկայում մասնավորաբար այն իրողությունը, որ իրավապահների կողմից ձերբակալված անհաջողակ քիլերը ևս Հյուսիսային Կովկասից է։

«Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը Թբիլիսիում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի, Ինգուշեթիայում ծնված ոմն Վասամբեգ Բոկովին։ Նրան կասկածում են լրագրող Գեորգի Գաբունիայի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Իմ ունեցած տեղեկություններով` Գաբունիայի մահափորձի պատվիրատուն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էր», - հայտարարել է Գվարամիան։

Կադիրովը, սակայն, սոցիալական ցանցերում արված գրառմամբ հերքեց իր առնչությունը Գաբունիայի շուրջ ծավալված իրադարձություններին՝ Telegram-ի իր օգտահաշվում բառացիորեն գրելով - «Պարոնայք, հավատացնում եմ ձեզ, եթե որևէ մեկը գործում է իմ հրահանգով, նա իրեն տրված հանձնարարությունը կատարում է»։

Ինքը՝ չհաջողված հարձակման թիրախ Գաբունիան, նախօրեին վրացական հեռուստաալիքների եթերում պնդում էր, որ իշխանություններն իրեն չեն էլ տեղեկացրել կանխված հարձակման մասին։ Միակ մարդը, որ պաշտոնապես կապ է հաստատել իր հետ, օգնություն առաջարկելով, եղել է Վրաստանի օմբուդսմենը։

«Ես վստահ չեմ, որ վտանգն ամբողջությամբ չեզոքացված է։ Ես գործուն քայլերի եմ սպասում իշխանությունների կողմից», - նշել է լրագրողը։

Վերջում հավելենք, որ Գեորգի Գաբունիայի դեմ մահափորձը վրացական հատուկ ծառայությունները կարողացել են կանխել իրենց ուկրաինացի գործընկերների շնորհիվ։ Ապրիլի կեսերին Կիևում ձերբակալվել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարներից մեկը՝ գեներալ Վալերի Շայթանովը։ Նախաքննության մարմիններին հաջողվել էր պարզել, որ նա դեռ 2014 թվականին հավաքագրվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից և հետագա տարիներին բավական սերտ կապեր է հաստատել Չեչնիայի նախագահի հետ՝ նրա հակառակորդների սպանությունները կազմակերպելու դիմաց շուրջ մեկ միլիոն դոլար ստանալով։ Ըստ ուկրաինացի իրավապահներին հենց Շայթանովն է հարցաքննություններից մեկի ժամանակ տեղեկացրել, որ Կադիրովի պատվերով կազմակերպվող հերթական մահափորձը լինելու է Թբիլիսիում։

XS
SM
MD
LG