Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը: 2019 թվականի մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը իր ուղերձում մասնավորապես գրել է.
«Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար: Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը:
Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»: