Մատչելիության հղումներ

Սիմոնյանը վստահեցնում է` Ծառուկյանին առնչվող «պրոցեսը լիովին իրավական է»


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող իրադարձությունները լիովին իրավական են:

«Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանն ազնիվ է, երբ ասում է, որ ինքը մինչև վերջ գնալու է, որովհետև ի տարբերություն 2015 թվականի` այս անգամ իշխանությունը որևիցե սակարկումների և քաղաքական էջը փակելու, օրինակ, տրամաբանության մեջ չի աշխատելու և չի աշխատում, որովհետև պրոցեսը, որը տեղի է ունենում այսօր, լիովին իրավական է, և փորձել այս պրոցեսին քաղաքական երանգ տալը հաջողություն չի ունենալու: Այս պրոցեսն, ինչպես տեսնում եք, և մինչ օրս եղած դեպքերը նաև վկայում են, զուտ իրավական պրոցես է, և քրեական գործն ու քրեական գործի մանրամասները, որի մասին խոսում են այսօր, եղել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ անվանենք այն քաղաքական քննադատությունը, որը տեղի ունեցավ, և որն այսօր փորձում են կապել: Կրկնում եմ` դա եղել է շատ ավելի վաղ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Վերջինս նաև հիշեցրեց, որ համացանցում տարածվել է լուսանկար առ այն, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել: Սիմոնյանի ենթադրությամբ` այդ փաստաթղթերը ոչ միայն համացանցում կան, այլև կան իրավապահների մոտ:

«Հատկանշանակ է, որ 2017 թվականի ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է 430 հազարի մոտ ձայն, ամիսներ անց` 2018-ին ձայները գրեթե 4 անգամ քիչ են եղել` մոտ 100 հազարի հասնող ձայներ են եղել»,- նկատեց նա:

Հարցին, թե ինչո՞վ է դա բացատրում Սիմոնյանը, նա պատասխանեց.- «Իհարկե, ինչ-որ մեկը, իհարկե, կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության ձայները մինչև հեղափոխություն կեղծվել են հօգուտ ընդդիմության, կարծում եմ` որևէ մեկը նման հայտարարություն չի կարող անել, մենք մեր ձայներն ընդունել ենք, և կարող եմ ասել, որ կարողացել ենք պահել այդ ձայները «Ելքի» ժամանակահատվածում: Դրա հետ կապված կա համապատասխան հայտարարություն, ինչ վերաբերում է մնացած ընտրական պրոցեսներին, ներողություն եմ խնդրում, բայց ոչ ես, ոչ Դուք, ոչ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի մոռացել, թե Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն ինչ մեխանիզմներով էին տեղի ունենում: Եվ հիմա դրա մասին է խոսքը, և այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում, հենց դրա ապացույցն են: Սպասենք, կտեսնենք»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է, հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: ԲՀԿ-ականները նշում են, որ թույլ չեն տալու իրենց լռեցնել:

ԱԱԾ-ն այսօր 3 հաղորդագրություն է տարածել, համաձայն որոնց` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։

«Կարծում եմ` էմոցիաներին զոհ գնալով` շտապում են մեր գործընկերները քաղաքական հայտարարություններ անելու, իսկ իմքայլականները ընդամենը այդ հայտարարություններին ի պատասխան անում են այն, ինչը մատնանշեցիք, այսինքն` հրապարակում են համացանցում տեղ գտած փաստաթղթերը, իսկ մնացածն արդեն գտնվում է իրավապահների դաշտում: Ես վստահեցնում եմ որպես իշխող կուսակցության վարչության անդամ, ես իմացել եմ խուզարկության մասին Արման Աբովյանի ուղիղ եթերից», - շեշտեց Ալեն Սիմոնյանը:

XS
SM
MD
LG