Մատչելիության հղումներ

Մենք կարոտում ենք մեր այցելուներին․ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն


Մարզերում և հատկապես Երևանում գործող մեր անվանի գրողներից յուրաքանչյուրի տուն-թանգարանն իր առանձնահատուկ տեղն ու դերն է ունեցել մեր մշակութային առաջընթացի գործում: Տարիներ ի վեր թանգարանները ոչ միայն կրթադաստիարչական կենտրոններ են կամ մշակութային արժեքների պահպանության ու ցուցադրության օջախներ, այլև գրական-երաժշտական հանդիպումների, շնորհանդեսների, հոբելյանական երեկոների, նաև գիտական ու հրատարակչական գործունեության լայն հնարավորություններ ընձեռող հաստատություններ, որոնք իրենց ծավալած բազմաբնույթ գործունեությամբ և նվիրյալ աշխատակիցներով անխոնջ կատարում են իրենց առաքելությունը՝ նպաստում հայ գրականության ու մշակույթի պահպանմանը, տարածման ու զարգացմանը:

Արտակարգ դրության այս ժամանակահատվածում թանգարաններից յուրաքանչյուրը, հարկադրված պարապուրդից խուսափելու նպատակով, առցանց գործունեության որոշակի հնարավորություններ գտավ:

«Ազատությունը» զրուցել է Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղի՝ Դերենիկ Դեմիրյճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի հետ:

Նա, մասնավորապես, ասաց. – «Դերենիկ Դեմիրյճյանի տուն-թանգարանը, ինչպես և բոլոր, կարծում եմ, թանգարանները և բոլոր մյուս հաստատությունները, որ հայտնվեցին այս ինքնամեկուսացման և պարտադրված պարապուրդի մեջ, առաջին պահին ցայտնոտային վիճակ ապրեցին, և մենք էլ բացառություն չէինք: Հասկացանք, որ պետք է առցանց աշխատել, և դա մեզ համար անսովոր էր, որովհետև որքան էլ որ մենք Դերենիկ Դեմիրյճյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջով պարբերաբար հրապարակումներ ենք արել, այնուամենայնիվ հիմնովին տեղափոխվել այդ հարթակ մեզ համար մի քիչ անսպասելի էր: Մենք փորձեցինք կողմնորոշվել: Սկզբում շատ տարերային էին մեր հրապարակումները, և դա չեմ կարծում, թե որևէ մեկին կզարմացնի, բայց հետո մենք կողմնորոշվեցինք, որ ոչ թե պետք է պատահական ինչ-որ նյութեր հրապարակել ինչ-որ բան անելու համար, այլ դրանք համակարգեցինք, որոշակի խորագրեր, որոշակի շարքեր ստեղծեցինք և մեր նյութերը սկսեցինք հրապարակել այդ սկզբունքով: Այսպես ձևավորվեցինք «Լուսանկարված տուն-թանգարան» շարքը, «Տուն-թանգարանի հյուրերը» շարքը, «Թանգարանային տեսադարան» շարքը, և այսպես տարբեր խորագրերի տակ մենք սկսեցինք համակարգել և հրապարակել մեր նյութերը: Քանի որ տուն-թանգարանի աշխատակազմը փոքր է` ես եմ և մեկ ֆոնդապահ, մենք երկուսով համակարգում ենք և օրը անպայման երկու նյութ հրապարակում ենք, նվազագույնը երկու նյութ: Նաև մենք կարողացանք արխիվից դուրս բերել այն նյութերը, այն հրապարակումները, որոնք որևէ ժամանակ անդրադարձել են Դերենիկ Դեմիրճյանին կամ տուն-թանգարանի գործեությանը»:

«Ազատություն». – Դուք նաև համագործակցում էին դպրոցների հետ: Բնակաբար, երևի հանդիպումները չկան:

Ռաֆայելյան. – Այո, հանդիպումները չկան, և այն, որ ես հիմա գուցե թե ոգևորված ներկայացնում եմ մեր առցանց աշխատանքը, պիտի ասեմ, որ այդ ոգևորությունը բնավ էլ չի ենթադրում, որ մենք նախընտրում ենք աշխատելու այս ձևը նախորդ ձևի համեմատությամբ: Ոչ, իհարկե կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, իհարկե մենք կարոտում ենք մեր այցելուներին, մեր կրթական ծրագրերի մասնակիցներին: Հույս ունենք, որ այս վիճակը հնարավորինս շուտ կհարթվի, և մենք կվերականգնենք մեր բնականոն աշխատանքային ընթացքը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG