Մատչելիության հղումներ

Ոստիկանության նախկին աշխատակիցը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ


Հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ 52-ամյա բնակիչը, ով նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին՝ տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել և վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG