Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Պուտինին և Միշուստինին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և մենք կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները»:

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում նշված է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնական օրն արտացոլում է Ռուսաստանի պետականության հազարամյա պատմությունը, երկրի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, հետևողական ստեղծագործական աշխատանքը՝ ուղղված երկրի զարգացմանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և, հատկապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:

Հուսով եմ, որ մոտ ժամանակներս աշխարհում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի, ինչը թույլ կտա մեզ լիարժեք վերսկսել սերտ կապերը` նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման նպատակով»:

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի ղեկավարներին մաղթում է քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Նախօրեին Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG