Մատչելիության հղումներ

«Օլիմպավանում» ծեծի մասին հայտարարած, ապա հերքած քաղաքացին մեղադրվում է սուտ ցուցմունքի համար


Վյաչեսլավ Հարությունով, արխիվ
Վյաչեսլավ Հարությունով, արխիվ

Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի քրեական գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նույն այդ գործով սուտ ցուցմունք տալու համար։

Գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։

Վյաչեսլավ Հարությունովը հայտարարել էր, թե իրեն ոչ ոք չի ծեծել։ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ 2018-ի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստման մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում: Համաձայն Հատուկ քննչական ծառայության` «խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ»։

Տուժող Հարությունովը ոստիկաններին սկզբում պատմել էր, որ իրեն ծեծել է Էդուարդ Բաբայանը։ Հետո արդեն «Կենտրոն» հեռուստաընկերությանն ասել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ և որ որևէ բողոք չունի նրա դեմ։ Իսկ վնասվածքները ստացել է սայթաքելու հետևանքով։ Դատարանում ևս տուժողը պնդել էր, որ իրեն ոչ ոք չի ծեծել, Էդուարդ Բաբայանն էլ մեղքը չէր ընդունել։ Դատարանը, սակայն, Ծառուկյանի թիմակցին ճանաչել էր մեղավոր և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, բայց համաներմամբ ազատ էր արձակել։

Ըստ պաշտոնական վարկածի` սուտ ցուցմունք տված Վյաչեսլավ Հարությունովին սպառնում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG