Մատչելիության հղումներ

Ղրղըզստանն ավելացնում է ռուսական ավիաբազայի տարեկան վարձավճարը


Ղրղըզստանի խորհրդարանական հանձնաժողովը հունիսի 9-ին հավանություն է տվել ռուսական ռազմակայանի պայմանագրի փոփոխությունները վավերացնելու օրինագծին։ Այն նախատեսում է տարեկան վարձավճարի բարձրացում, բայց նաև կարգավիճակի հնարավոր փոփոխության չփարատված կասկածներ կան։

Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը այդ հարցը երեք անգամ հանել էր օրակարգից, հետաձգել քննարկումները։

Կասկածներ, պնդումներ կան, որ Ռուսաստանը ցանկանում է սեփականաշնորհել ավիաբազայի թռիչքուղին այն վերակառուցելուց հետո։ Վիճաբանությունը այս կետի շուրջ էր, սակայն երեկվա նիստում հանձնաժողովը բավականին արագորեն հավանություն է տվել օրինագծին։

Փաստաթղթում նշված է, որ Ղրղըզստանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո ղրղզական կողմին վերադարձնել ռազմակայանի օբյեկտները, իսկ թռիչքուղին ընդգրկված է համատեղ օգտագործման ցանկում։

Այնուամենայնիվ, թռիչքուղու հարցը այնքան էլ հստակ չէ։ Հանձնաժողովի անդամները իրենց ելույթներում նշել են, որ Ռուսաստանի հաշվին թռիչքուղու վերակառուցումից հետո Ռուսաստանի սեփականություն է դառնալու ոչ թե ավիաբազայի մի մասը, այլ թռիչքուղու ծածկույթը։

Հանձնաժողովի նախագահ Իցխակ Պիրմատովն ասել է, թե համաձայնագիրը շահեկան է Ղրղըզստանի համար, նա հավաստիացրել է, որ ինչ-որ մեկի սեփականությանը հող կամ տարածք փոխանցելու հարց չկա, խոսքը թռիչքուղին վերակառուցելու, բետոնե սալիկներն ու ասֆալտը փոխելու մասին է։

Հանրության մեջ կասկածները պատգամավորները բացատրել են վատ տեղեկացված լինելու հանգամանքով։ Հանձնաժողովի անդամ Կանիբեկ Իմանալիևը այդ հարցում մեղադրել է կառավարությանն` ասելով, թե օրինագծի հեղինակը կառավարությունն է, բայց նրանք լռում են, պարզաբանումները թողնում են պատգամավորերի վրա, այնինչ կարող էին շատ պարզ ասել՝ «հողը Ղրղըզստանինն է, իսկ ասֆալտի ծածկույթը Ռուսաստանի սեփականությունն է»։

Նա առաջարկել է լրագրողների այցելություն կազմակերպել ավիաբազա, ամեն ինչ ցույց տալ, այլապես կասկածները չեն փարատվի։

Կանտի ավիաբազայի հետ կապված այս նոր պատմությունը սկսվել է 2019 թվականի մարտից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Բիշքեկ, ու նրա այցի ընթացքում ավիաբազային վերաբերող ռուս-ղրղզական նոր արձանագրություն էր ստորագրվել։ Անցյալ տարվանից մինչև հիմա Ղրղզստանում կասկածներ կան, որ Ռուսաստանը սեփականաշնորհում է ավիաբազայի թռիչքուղին։

Ինչ վերաբերում է վարձավճարի բարձրացմանը, դրա ֆորմալ առիթը ռազմակայանի կողմից օգտագործվող տարածքի ընդլայնումն է։ Չափագրումը ցույց է տվել, որ ավիաբազան օգտագործում է 924 հեկտար տարածք, որը 58 հեկտարով ավելին է, քան նշված է վարձակալության պայմանագրում։

Ռուսաստանը տարեկան 4,5 միլիոն դոլար էր վճարում Ղրղըզստանին` Կենտրոնական Ասիայի այդ երկրում ռազմակայան պահելու համար, փոփոխությունից հետո այդ գումարը կավելանա ավելի քան 290 հազար դոլարով. Ռուսաստանն արդեն կվճարի 4 միլիոն 794 հազար դոլար։

Փորձագետների կարծիքով` հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո օրինագիծը արագորեն կմտնի խորհրդարանի օրակարգ և կընդունվի, քանի որ երկրի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը մոտ ապագայում մեկնելու է Մոսկվա, ու մինչև նրա այցելությունը փաստաթուղթը պիտի ընդունված լինի։ Ղրղըզստանի նախագահը Մոսկվայում ներկա է գտնվելու հունիսի 24-ի ռազմական շքերթին, սա կորոնավիրուսի համավարակի պատճառով մայիսի 9-ի հետաձգված շքերթն է, որը Վլադիմիր Պուտինը որոշեց անցկացնել հունիսի 24-ին։

Ղրղըզստանի Կանտ քաղաքի մոտ գտնվող դեռևս խորհրդային ժամանակներից ռազմական օդանավականը ռուսական ավիաբազա է դարձել 2003 թվականին: Այն համարվում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական օբյեկտներից մեկը, այնտեղ նաև կազմակերպության համատեղ զորավարժություններ են անցկացվում։ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանն ու Տաջիկստանը։

2012 թվականին Կանտի ավիաբազան ու Ղրղըզստանում գտնվող ռուսական ռազմական ևս երեք օբյեկտներ, այդ թվում` Իսիկ Կուլ լճում գտնվող ռուսական ծովային ռազմական օբյեկտը, որտեղ նաև տորպեդոների փորձարկումներ են անցկացվում, բոլոր ռուսական օբյեկտները միավորվեցին և դարձան մեկ ռազմակայան։

Ղրղըզստանում` Բիշքեկից ոչ հեռու, Միացյալ Նահանգները ևս ավիաբազա ուներ Աֆղանստանին մատակարարումներ ապահովելու շրջանակներում։ Բայց 2001 թվականից գործող Մանասի ամերիկյան ավիաբազան Մոսկվայի ճնշման տակ Ղրղըզստանը փակեց 2014 թվականին։

Ղրղըզստանից բացի, Ռուսաստանը ռազմակայաններ ունի նաև ԱՊՀ անդամ 4 այլ երկրներում՝ Հայաստանում ռուսական ռազմակայանը տեղակայված է 50 հեկտարի վրա, Բելառուսում ռուսական զինուժը 850 հեկտար է զբաղեցնում, Տաջիկստանում` 4800 հեկտար և Ղազախստանում` 10 միլիոն հեկտար։ Մոսկվան տարածքի վարձավճար է տալիս միայն Ղրղզստանին և Ղազախստանին՝ Ղրղըզստանին տարեկան 4 միլիոն 700 հազար դոլար,Ղազախստանին՝ 24 միլիոն դոլար։

Մյուս երկրները՝ Տաջիկստանը, Բելառուսն ու Հայաստանը ռուսական զինուժին իրենց տարածքը տրամադրում են անվճար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG