Մատչելիության հղումներ

10 քրգործ՝ Գեղարքունիքում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով


Գեղարքունիքի մարզում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել քննվում է 10 քրեական գործ: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56 միլիոն 74 հազար 199 դրամ, որից վերականգնվել է 18 միլիոն 115 հազար 75 դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG