Մատչելիության հղումներ

«ԱՐԻ» գործակալությունը արտասահմանում ներկայացնում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները


Արևիկ Աշխարորյանը առաջիններից մեկն էր, որ դեռ 10 տարի առաջ ձեռնամուխ եղավ հայտնաբերելու, հրատարակելու, նաև ուղիներ փնտրելու արտասահմանում թարգմանաբար ներկայացնելու հայ ժամանակակից երիտասարդ խոստումնալից գրողների՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ հիմնադրելով «Առաջին գրական գործակալությունը»:

Իսկ չորս տարի առաջ էլ Արևիկ Աշխարորյանը հիմնադրեց «ԱՐԻ» գրական և տաղանդի գործակալությունը, որն արդեն իսկ որոշակի հաջողություններ է գրանցել` ներկայացնելով հայ ժամանակակից հեղինակներին եվրոպական երկրներում։

«Գործակալությունը ներկայացնում է մի շարք ժամանակակից հայ հեղինակներին համաշխարհային գրական շուկայում: Մենք նաև աշխատում են տարբեր լեզուներով ստեղծագործող հայ արմատներ ունեցող հեղինակների հետ: Ստանդարտ գործակալական ֆունկցիա ունենք առաջին հերթին, այսինքն` մենք հեղինակի միջնորդն ենք, հեղինակի ներկայացուցիչն ենք հրատարակչության հետ հարաբերություններում: Մենք հեղինակային իրավունքի վաճառքով ենք զբաղվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխարորյանը:

«Ազատություն». - Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս չորս տարվա ընթացքում:

Աշխարորյան. – Այս տարիների ընթացքում մենք ունենք արդեն չորս գիրք անգլերեն հրատարակման բրիտանական հրատարակչությունում: Դա Արամ Պաչյանի երկու գրքերն են, Սուսաննա Հարությունյանի գիրքը և Կարինե Խոդիկյանի պատմվածքների ժողովածուն: Բուլղարիայի հետ ունենք գործարք` նույնպես Պաչյանի վեպը: Եվ այս պահին մենք մի քանի գործարքնե ենք փորձում իրականացնել տարբեր երկրների հետ` Սերբիա, Լեհաստան, Թուրքիա:

«Ազատություն». - Իսկ վիճակագրություն ունե՞ք, թե ինչպես են վաճառվում հայ հեղինակների արդեն տպագրված գրքերը:

Աշխարորյան. – Դեռ վաճառքներից խոսելը էնքան շուտ ա: Մենք դեռ առաջին քայլերն ենք անում, ի նկատի ունեմ Հայաստանը, միջազգային շուկայում, որ մենք պիտի ուրախ ու երջանիկ լինենք, և կոնկրետ մենք այդպիսին էլ կանք, որ ինչ-որ մի երկրի բավականին լավ հրատարակչությունը համաձայնում է մեզ հրատարակել:

«Ազատություն». – Հնարավորություն կա՞ դեպի Եվրոպա հայ ժամանակակից գրականությունը տանելու:

Աշխարորյան. – Ինչ լավ է, որ այդ հարցը տալիս եք: Վերջին տարիներին սկսել էր ի վերջո գործել հայ գրականության թարգմանության աջակցության ծրագիրը, որը Մշակույթի նախարարությունն էր իրականացնում: Դա գրանտային ծրագիր է, որը արտասահմանյան հրատարակչություններին առաջարկում է դրամաշնորհ միայն թարգմանության ծախսերը հոգալու համար: Դա շատ կարևոր բան է, որը գրեթե բոլոր երկրները ունեն: Ես վերջերս իմացա, որ այդ ծրագրի ապագան վտանգված է: Դեռ որոշում չի կայացվել, բայց ինձ ասեցին նախարարությունից, որ կառավարության քննարկմանն է դրվում գումարների կրճատման հարցը: Մենք նամակ գրեցինք նախարար Արայիկ Հարությունյանին, փորձեցինք ավելի մանրամասն բացատրել, թե ինչքան կարևոր է այդ ծրագիրը, մանավանդ այս շրջանում, երբ որ մշակութային կյանքը կանգնած է` չկան փառատոներ, հյուրախաղեր, համերգներ և այլն ամբողջ աշխարհում, մեր մշակույթը ներկայացնելուց զրկված ենք: Իսկ գրականությունը կարող է առաջ գնալ ու ներկայացնել մեզ: Այդ ճանապարհը հազիվ սկսել էինք, մենք նշել ենք, որ վերանայեն այդ որոշումը: Դեռ պատասխան չենք ստացել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG