Մատչելիության հղումներ

Հաստատվել է կորոնավիրուսի 350 նոր դեպք, ապաքինել է 352 քաղաքացի


Կորոնավիրուսային հիվանդության 350 նոր դեպք է հաստատվել, իսկ առողջացածները 352 հոգի են:

Վերջապես Հայաստանում առողջացածների թիվը թեկուզ երկուսով, բայց ավելի է նոր վարակակիրների թվից։

Կիրակի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային լաբորատորիան ախտահանման նպատակով թեստավորում չէր անցկացրել, երեկ գործընթացը վերսկսվել է՝ 350 նոր դեպք հաստատվել է շուրջ 1400 թեստավորված անձանցից:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ, բուժվածների այսօրվա մեծ թիվը, վաղն էլ ապաքինվածների ավելի մեծ թիվ է լինելու, պայմանավորված է նրանով, որ տանը բուժվող ասիմպտոմ, թեթև վարակակիրները 14 օր անց համարվում են բուժված` առանց թեստավորման. – «Դրանք այն քաղաքացիներն են, որոնք որ արդեն տանն են, հարաբերականորեն թեթև կամ առանց սիմպտոմների, պարզապես ունեն դրական ախտորոշում, և մենք 14 օրը լրանալուն պես նրանց ֆիքսում ենք որպես բուժված: Իհարկե նրանց մեջ կան նաև քաղաքացիներ, որոնք որ հիվանդանոցներից են դուրս գրվում»:

Նախարարն ասաց, որ սա ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե չեղքում:

Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նույնն էր վարչապետ Փաշինյանի հորդորը` իրավիճակի կայունացման հույսեր կան, բայց պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները. – «Ըստ էության, կրկին մեր բանաձևը մնում է մեկը` մեզնից յուրաքանչյուրի և ընդհանուր առմամբ հանրային պատասխանատվության մեծացումը հակահամաճարակային կանոնների պահպանման առումով»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թաղումներն ու հարսանյաց հանդեսներն են հաճախ նոր բռնկումների պատճառ դառնում։ Թե' սգակիրներին ու թե' տոնի պատրաստվողներին նա հորդորեց համագործակցել ոստիկանության, տեղական իշխանության հետ՝ որպեսզի «ճակատագրական խախտումներ» չլինեն։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, արտակարգ դրության ժամկետը հավանաբար կերկարացնեն հունիսի 13-ից հետո էլ. – «Այո, կա էդպիսի հավանականություն և բավականին մեծ է այդ հավանականությունը, և կարծում եմ, որ այո, արտակարգ դրությունը կերկարացվի»:

Կորոնավիրոսի հետևանքով արդեն 217 քաղաքացի է մահացել, վերջին մեկ օրում ՝ 6 հոգի. ամենաերիտասարդը 46-ամյա տղամարդ։ Մահվան ևս երկու դեպք կա. կովիդ-19-ով պացիենտները, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել են այլ հիվանդությունից։

Այս օրերին երևանյան ու մարզերի բուժհաստատություններում մահճակալներ են ձևավորվում կորոնավիրուսի վարակակիրների բուժման համար։ Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ շուրջ 200 հոգի սպասում է հոսպիտալացման, 2-ը մահացել են, հիվանդանոցներում տեղ չկա:

«Ձեր նշած 200 մարդիկ վաղուց հոսպիտալացվել են, դրանից հետո արդեն նոր դեպքեր են ավելացել: Դա շարունակական գործընթաց է, որը ամեն օր արվում է: Նաև պետք է նշեմ, որ վերջին օրերին մեծ ծավալումներ են տեղի ունենում, և դրանով պայմանավորված` եթե պահպանվի այն տեմպը, ինչ որ մենք ունենք վերջին օրերի ընթացքում, ապա մահճակալային ֆոնդը դեռևս կբավարարի», - «Ազատությանը» փոխանցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա վստահեցնում է, որ այս պահին տեղերի սուր խնդիր չկա, հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա։

Կովիդով զբաղվող 9 բուժհաստատություններին կմիանան 350 մահճակալներ տարբեր հիվանդանոցներում: «Արմենիա» բուժկենտրոնում 58 տեղ կբացվի մոտ մեկ շաբաթից: Վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը տեղեկացրեց, որ այժմ զբաղված են վերազինմամբ ու թթվածնային կետեր ավելացնելով. – «Կծավալվի 58 ընդհանուր մահճակալ, որից 8-ը կլինի ինտենսիվ թերապիա, և 50-ը` ոչ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:

Ի դեպ Կովիդով-19-ով հիվանդներ այս պահին էլ կան հանրապետականում: Աշոտ Կուրղինյանն ասաց, որ նրանք բուժում են ստանում առանձնացված և կորոնավիորսային հիվանդանոց չեն տեղափոխվել, քանի որ տեղ չի եղել: Նոր բաժանմունքի ձևավորման համար, ըստ Կուրղինյանի, միակ խնդիրը բուժանձնակազմն է. – «Մեր խնդիրները հիմնականում բուժանձնակազմի հետ է կապված: Հենց նույն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում այսօր գերլարված իրավիճակ է, մշտապես երկու բժիշկ է եղել և չորս կամ հինգ քույր: Այսօր մենք մեկ բժիշկով մոտ 20-21 ռեանիմացիոն հիվանդի հետ ենք աշխատում, բավականին լարված: Բայց փորձում ենք այնպես անել, որ մեր ռեանիմիացիոն բաժանմունքը չկանգնի»:

Վերակենդանացման բաժանմունքի 12 բժիշկներից այս պահին 5-են մնացել. մի քանիսն իրենք են վարակակիր, մյուսները գնացել են կովիդի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններ՝ օգնելու գործընկերներին:

Կորոնավիրուսային հիվանդությամբ տներում ու հիվանդանոցներում այս պահին բուժում է ստանում 8 հազար 933 պացիենտ:

Պարետատան ճեպազրույցին այսօր մասնակցում էր Բավարիայի կլինիկաներից մեկում աշխատող բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը։ Նա Հայաստան է եկել՝ հետևելով Առողջապահության նախարարության մասնագետների հավաքագրման կոչին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքնում է աշխատում:

Նա խնդրեց, որպեսզի պահպանենք բոլոր կանոնները, որ ինքը կարողանա ընտանիքի մոտ վերադառնալ. – «Հուլիսի 18-ին որդիս` Լևոնը, կդառնա մեկ տարեկան: Հուսով եմ, որ մինչ այդ, կանոնների համատարած պահպանման հետևանքով համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց՝ դեռ վաղ է ենթադրել, որ մարդիկ զգոնացել ու հետևում են հակահամաճարակային կանոններին:

«Ինչ վերաբերում է առողջացածներին, դա պայմանավորված է նրանով, որ մենք մայիսի 22-ից սկսել ենք տնային բուժումը և մարդիկ, ովքեր հիվանդությունը տանում են թեթև և անախտանիշ են, վերջիններս տանն են բուժում ստանում, մտնում են համակարգ և 14 օր հետո համարվում են առողջացած, արդեն մենք այդ ընթացքի մեջ ենք», - ասաց Նիկողոսյանը:

Կորոնավիրուսի հետևանքով արդեն 217 քաղաքացի է մահացել, վերջին մեկ օրում՝ 6 հոգի։ Ամենաերիտասարդը 46-ամյա տղամարդ է։ Մահվան ևս երկու դեպք կա՝ Covid-19-ով պացիենտներն, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել են այլ հիվանդությունից։ Այս օրերին երևանյան ու մարզերի բուժհաստատություններում մահճակալներ են ձևավորվում կորոնավիրուսի վարակակիրների բուժման համար։

Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր՝ շուրջ 200 հոգի սպասում է հոսպիտալացման, 2-ը՝ մահացել են, հիվանդանոցներում տեղ չկա։

«Նշված 200 մարդիկ վաղուց հոսպիտալացվել են, դրանից հետո, արդեն նոր դեպքեր են ավելացել, դա շարունակական գործընթաց է, որն ամեն օր արվում է, նաև պետք է նշեմ, որ վերջին օրերին մեծ ծավալումներ են տեղի ունենում, և դրանով պայմանավորված, եթե պահպանվի այն տեմպը, ինչ որ մենք ունենք վերջին օրերի ընթացքում, ապա մահճակալային ֆոնդը դեռևս կբավարարի», - նշեց ԱՆ խոսնակը:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ այս պահին տեղերի սուր խնդիր չկա, հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա։ Covid-ով զբաղվող 9 բուժհաստատություններին կմիանան 350 մահճակալներ տարբեր հիվանդանոցներում:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG