Մատչելիության հղումներ

Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները


Նկարում համապատասխանաբար՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյան, ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյան, ոստիկանապետ Վահե Ղազարյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ:

Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվել են պաշտոններից։

Ուժային կառույցների ղեկավարների այսօրվա փոփոխությունն արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։

Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեքուկես ամիս առաջ՝ մարտի 19-ին, իսկ մինչև այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։

Գնդապետ Արման Սարգսյանը նույն օրն էր նշանակվել ոստիկանապետ՝ մինչ այդ, դարձյալ, անցած տարվա սեպտեմբերից ոստիկանության պետի պաշտոնակատարն էր՝ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետին, ապա Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում էր հայտնվել որդու հարսանյաց հանդեսի պատճառով։ Այսօր առավոտյան, մինչ Դավթյանի պաշտոնանկության մասին լուրն ի հայտ կգար, պարետատնից «Ազատությանը» հայտնել էին, որ կուսումնասիրեն կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի հարցը, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն։

Արդեն ուժայինների փոփոխությունից հետո՝ օրվա երկրորդ կեսին, կառավարությունում՝ գործադիրի անդամների հետ հանդիպմանը հարցին անդրադարձավ կորոնավիրուսից կազդուրված և այսօրվանից լիարժեք աշխատանքի վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաներն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը, բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չի ունենում, և ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, որբ որ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին», - ասաց Փաշինյանը:

«Հրապարակ» օրաթերթի երեկ հրապարակած տեղեկության համաձայն, կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող գեներալի շքեղ առանձնատանը, որին ներկա են եղել նաև ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ. նրանց սպասարկող պաշտպանության նախարարության պետհամարանիշներով ավտոմեքենաները կայանված էին Արտակ Դավթյանի առանձնատան մոտ։

Ինքը՝ Արտակ Դավթյանը, ըստ էության, չէր հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել, «Արմենպրես»-ին ասելով. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Արտակ Դավթյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 24-ին, մինչ այդ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարն էր:

XS
SM
MD
LG