Մատչելիության հղումներ

Վարչապետն առաջարկել է նշանակել ԱԱԾ, Ոստիկանության և ԶՈւ ԳՇ նոր ղեկավարների


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է փոխել Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին նշանակել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանին՝ Ոստիկանության պետ:

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեքուկես ամիս առաջ՝ մարտի 19-ին, իսկ մինչև այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։

Գնդապետ Արման Սարգսյանը նույն օրն էր նշանակվել ոստիկանապետ՝ մինչ այդ, դարձյալ, անցած տարվա սեպտեմբերից ոստիկանության պետի պաշտոնակատարն էր՝ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, ապա Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում է հայտնվել որդու հարսնյաց հանդեսի պատճառով։ Ինչպես այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ պարետատունը կուսումնասիրի կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որդու հարսանյաց հանդեսի հարցը, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն։

«Հրապարակ» օրաթերթի երեկ հրապարակած տեղեկության համաձայն, կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող նրա շքեղ առանձնատանը, որին ներկա են եղել նաև ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ. նրանց սպասարկող պաշտպանության նախարարության պետհամարանիշներով ավտոմեքենաները կայանված էին Արտակ Դավթյանի առանձնատան մոտ։

Ինքը՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ըստ էության, չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել, «Արմենպրես»-ին ասելով. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Արտակ Դավթյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին, մինչ այդ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարն էր:

XS
SM
MD
LG