Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը Միքայել Մինասյանի գործից մանրամասներ է հրապարակում


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյան, արխիվ
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

«Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով որոշում է կայացվել Հայաստանի երրորդ նախագահի դստեր ամուսնուն Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի հարստանալը», 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը», և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը», որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Միքայել Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք», - նշված է հաղորդագրությունում:

Այս տարվա մայիսի 23.-ին որոշում է կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը բավարարել է։ Մինասյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի դատարանի որոշումը, որը Վերաքննիչի կողմից վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Ապա ՊԵԿ-ը շարունակում է. - «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Միքայել Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):

Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրիք 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:

«Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու, անձանց, կազմակերպությունների և (կամ) պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը վերականգնելու ուղղությամբ», - փոխանցում է ՊԵԿ-ը:

XS
SM
MD
LG