Մատչելիության հղումներ

Ծառուկյանի հայտարարությունից հետ ԲՀԿ – ԼՀԿ հանդիպում տեղի չի ունեցել


ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյան։
ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյան։

«Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ղեկավարները չեն հանդիպել` նկատելով, թե առաջարկ էլ չի եղել:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքը բոլոր ոլորտներում ձախողած համարող ու կառավարության 100 տոկոսի փոփոխության անհրաժեշտություն տեսնող խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն սկսել է հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես նրա խոսնակն է ձևակերպում` ցանկանալով ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Թե որ ուժերի կամ գործիչների հետ, չեն մանրամասնում: Չեն հստակեցնում նաև, թե արդյոք նպատակը իշխանափոխությունն է:

Ծառուկյանի ղեկավար ուժի հետ քննարկումները ԼՀԿ-ում չեն բացառում, բայց հայտարարում են, որ իրենց են տեսնում հաջորդ իշխանություն, ուստիիրենց շուրջը պետք է տեղի ունենա համախմբումը:

«Ես որևէ նոր առաջ քաշած օրակարգ չեմ տեսել, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Հետևաբար որևէ կոնսոլիդացիայի մասին եթե խոսում ենք, «Լուսավոր Հայաստանը» պետք է և կարող է, այն միակ ուժն է, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա առողջ և ունակ, կարող ուժերի հետ համատեղ: Ինչպես դա տեղի կունենա և երբ, մենք դրա մասին, բնականաբար, հայտարարություն կանենք: Բայց այսօր մենք օրակարգային ենք տեսնում համավարակի դեմ պայքարը: Բայց որևէ մեկը քաղաքական պատասխանատվությունից չի խուսափելու` հաշվի առնելով ձախողված մարտավարությունն ու քաղաքականությունը, ուշացած գործողությունները, որ կառավարությունը իրականացնել է, և որի արդյունքում, ցավոք սրտի, նժարին դրվել են մարդկային կյանքեր», - ասաց Թանդիլյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հայտարարում է, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, իսկ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, կամ կառավարությունը լիովին փոխելու պահանջ չեն ներկայացրել, Թանդիլյանն արձագանքեց. – «Այդ հարցը պետք է տալ Գագիկ Ծառուկյանին, արդյո՞ք դա նշանակում է կոնկրետ իրենց մեկնաբանությամբ և իրենց տեսածով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Հարցին, թե արդյոք իրենց ճանապարհային քարտեզն ընդգրկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, նա արձագանքեց. -«Մեր օրակարգում է միշտ ու պետք է լինի կառավարության թե' ղեկավարի, թե' ամբողջ կազմի, թե' առանձին նախարարների հրաժարականը: Այսինքն` այդ մասով պետք է անընդհատ գնահատել: Եվ երբ որ մենք արդեն կխոսենք այդ մասին, կհամարենք նպատակահարմար, բնականաբար դուք առաջինը կիմանաք... Առնվազն համավարակի հաղթահարման անհրաժեշտություն կա, նախքան այլ օրակարգով զբաղվելն ու հետաքրքրվելը»:

Երեկ անցկացրած կուսակցության խորհրդի նիստից հետո Մանե Թանդիլյանն այսօր հայտարարեց՝ համավարակի հաղթահարումից հետո կբարձրացնեն կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը։ Անուններ չտվեց, կոնկրետ պահանջները չգաղտնազերծեց. – «Որովհետև այն ցինիզմն ու մեծամտությունը, որ տիրում էր սկզբից և ապա հիմա չեն կարողանում լրջացնել մեր շատ սիրելի հայրենակիցներին, որ կրեն դիմակներ, օգտագործեն ախտահանիչ միջոցներ և պահպանեն սոցիալական հեռավորությունը, պատճառը մեկն է` որովհետև անլրջություն էինք սերմանել: Ժամանակի մոմենտումը կորցրել են, և այդ պատճառով է, որ ունենք այս իրավիճակը: Սրա համար, այո, պատասխան տվողներ լինելու են»:

ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը իշխանականները սուր արձագանքեցին՝ համավարակի ժամանակ քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ ընդհուպ որակելով դավաճանություն։

Վերջին ամիսներին տեսանելիորեն սրվել են նաև իշխանական «Իմ քայլի» ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները։ «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանն ասում է, որ Փաշինյան - Մարուքյան առանձնազրույցի մասին տրամագծորեն հակառակ մեկնաբանություններից հետո չի վստահում «Լուսավոր Հայաստանի» հայտարարություններին։

Մարուքյանը լրագրողներին ասել էր, թե ներքաղաքական խնդիրներին մայիսին տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ չի եղել, իսկ Փաշինյանն իր ելույթում հակառակն էր պնդել:

«Հուսամ, և հանրությունը նույնպես պետք է հույս ունենա, որ էդ հանդիպման և գործընթացի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կամ նրա ղեկավարը նորից լրագրողներին չեն ստի` չներկայացնելով էդ հանդիպումների ողջ էությունը», - ասաց Հակոբյանը:

Ինքն անձամբ չի տեսնում պաշտոնյաների, որոնք ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության պետք է ենթարկվեն: Իսկ «Լուսավոր Հայաստանից» հնչող քննադատությանը հակադարձում է. – «Մոռանում են, որ, օրինակ, երկար ժամանակ խոսվում էր, որ պետք ա սահմանափակումներ մտցվեր: Սահմանափակումները մտցվելուց մի քանի օր հետո էդ մարդիկ սկսում են իրար հերթ չտալով ասել, որ հանեք էս սահմանափակումները, որովհետև ժողովուրդը չի կարողանում դիմանալ էսպես: Այսինքն` էսպես իրարամերժ հայտարարություններ են անում»:

XS
SM
MD
LG