Մատչելիության հղումներ

«Հույս ունեմ՝ մարդիկ կփոխեն իրենց կարծիքը և սխալ քարոզչություն չեն անի». կորոնավիրուսը հաղթահարած լրագրող


Հանրային հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Մկրտչյանը հաղթահարել է կորոնավիրուսն ու վերադարձել աշխատանքի: Վիրուսը Քրիստինեի ու նրա որդու մոտ հաստատվել էր մայիսի սկզբին:

«Ջերմաչափ դրեցի և պարզվեց՝ ինձ մոտ 37,2 աստիճան ջերմություն կա, ես այնուհետև խնդրեցի մեր ընտանիքի անդամներին՝ իրենք ևս ջերմաչափում իրականացնեն, պարզվեց տղայիս մոտ ևս ջերմություն կա: Կասկածեցի սկզբում, մտածեցի կարող է մրսել եմ, բայց, այնուամենայնիվ, ինֆեկցիան, որ տարածված էր և ես էլ շփման լայն սպեկտոր ունեմ, ես չբացառեցի, որ կարող է ինձ մոտ լինել վիրուս: Զուտ ապահովության համար որոշեցի թեստ հանձնել», - պատմեց Մկրտչյանը:

Ամենադժվարը թեստի պատասխանին սպասել էր: 2 օր անց, երբ ասել են, որ իր ու որդու թեստի պատասխանը դրական է, մի քանի րոպե տևած զրույցը շատ երկար է թվացել:

«Երևի ամենադրամատիկ պահը հենց այն էր, որ զանգ ստացա սանիպիտկայանից, երբ բժշկուհին ներկայացնում էր, այդ պահը շատ երկար թվաց, մինչև հասկացա, որ ինձ մոտ դրական է, և մեզ հորդորեցին արագ հավաքել իրերը, որպեսզի շտապօգության մեքենայով տեղափոխեն ինֆեկցիոն հիվանդանոց», - նշեց լրագրողը:

Նախ, Գյումրիի ինֆեկցիոն տեղափոխված լրագրողն ասում է՝ այս հիվանդանոցում հասկացել է, որ իր մոտ թեթև տեսակն է և ծանր հիվանդների համար նախատեսված մահճակալը իրավունք չունի զբաղեցնելու:

«Հիվանդասենյակների դռները կիսաբաց էր, ինչպես հասկացա, նաև թոքաբորբով հիվանդներն էին, և բոլոր մարդկանց ինֆեկցիոնի բժիշկները նույնն էին առաջարկում, ասում էին՝ «կարող եք ստեղ մնալ», բայց բացատրում էին, ասում էին՝ «ավելի լավ կլինի, որ հիվանդանոցի մահճակալները թողնեք ավելի ծանր հիվանդներին»: Շատերը այդտեղ համն ու հոտը կորցրել էին, և ես հասկացա, որ այդ պահին ես համ ու հոտի զգացում ունեմ, չեմ կորցրել, մի պահ նաև կասկածում էի, թե կարո՞ղ է ես հիվանդ չեմ», - պատմեց Քրիստինե Մկրտչյանը:

Քրիստինեն ու որդին վիրուսը բավականին թեթև են տարել, այնուհանդերձ, Ծաղկաձորում մեկուսացման ընթացքում այն իրեն զգացնել տվել է:

«Մեր մոտ նորությունն այն էր, որ մենք աչքերի բորբոքում ունեցանք, ամսի 10-ին, եթե հաշվեմ՝ հիվանդության 3-րդ, 4-րդ օրը: Փոշեհատիկի զգացողություն էր և՛ փակելիս, և՛ բացելիս ու անընդհատ արցունքահոսություն, երկուսիս մոտ միաժամանակ հանդես եկավ այդ սիմպտոմը՝ գիշերը: Ասացին, որ դա ևս ախտանիշներից է, հիմնականում գլխացավ եմ ունեցել, հոգնածություն, թուլություն: Առանձին օրեր կային, որ ծանր օրեր էին, երևի 6-րդ օրը, 8-րդ օրը, հետո 11-ից մինչև 14-րդ օրը: Ինչքան էլ տարօրինակ է, երբ արդեն տուն էի եկել, շատ ավելի վատ էի զգում մի քանի օր, նույնիսկ մտածում էի՝ հնարավո՞ր է կրկնվել է, կարո՞ղ է մի հատ էլ թեստ հանձնեմ, բայց երբ արդեն խորհուրդ էի հարցնում բժիշկներից, ասում էին, որ առանձին օրեր կան՝ ում մոտ, որ օրն է առավել բարդ», - ասաց Մկրտչյանը:

Հիմա, երբ արդեն առողջացել ու վերադարձել է բնականոն կյանքին, լրագրողը զարմանում է, որ դեռ կան մարդիկ, որոնք ոչ միայն չեն պահպանում անվտանգության կանոնները, այլև վիրուսի գոյությանը չեն հավատում։ Ստիպված է նկարահանումների ժամանակ չհավատացողներին իր սեփական օրինակը պատմել:

«Կա երկու ծայրահեղություն՝ մարդիկ, ովքեր խուճապահար են, օրինակ, նաև ինձ հարազատ մարդիկ, ովքեր ամեն առավոտ զանգահարում ասում են՝ «տեսաք էսօրվա թիվը, տեսաք ինչքան մարդ է մահացել», և մարդիկ, ովքեր չեն հավատում: Տարօրինակն այն է, որ նկարահանումների ժամանակ էլ երբեմն ինձ փորձում են հավատացնել, որ այդ վիրուսը չկա: Համբերատար բացատրում եմ, ասում եմ, և հույս ունեմ, որ մարդիկ, արդեն հեռակա ծանոթ ունենալով, կփոխեն իրենց կարծիքը և սխալ քարոզչություն չեն իրականացնի», - ասաց նա:

Կորոնավիրուսը հաղթահարած լրագրողի հորդորը մեկն է. «Եթե պարտադիր է դիմակ կրելը, ուրեմն պետք է դիմակ կրենք, եթե պարտադիր է հետևել կանոններին, ուրեմն պարտադիր պետք է հետևել: Ես շատ կուզենամ, որ հատկապես երիտասարդությունը, Հայաստան Հանրապետության քաղաքացիները չհավատալով անգամ հետևեն կանոններին, ոչ թե չտուգանվելու համար, որ թեկուզ օրենք չխախտեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG