Մատչելիության հղումներ

Փաշինյան. Կարծում եմ` ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն


Լուսանկարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը
Լուսանկարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

«Այս բյուջեի կատարողականը քննարկում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր տեսակապի միջոցով մասնակցելով Ազգային ժողովի հանձնաժողովների նիստին` վարչապետ Փաշինյանը հաստատեց՝ ՊԵԿ նախագահը կհեռանա պաշտոնից։

«Կարծում եմ` Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, այդ փոփոխություններն ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,- հայտարարեց նա։

Դավիթ Անանայանը երեկ հայտնեց հրաժարականի մասին։ Պաշտոնյան շնորհակալություն էր հայտնել վարչապետին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար՝ չհայտնելով հրաժարականի պատճառը։ Այսօր արդեն կոմիտեից մանրամասնում են՝ Դավիթ Անանյանը վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի ունեցել, տարաձայնությունն աշխատանքային բնույթի է։ «Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,- փոխանցել են կոմիտեից։

Թե խոսքը մասնավորապես ինչ կադրային խնդրի մասին է, ՊԵԿ-ից չեն մեկնաբանում։

Կոմիտեում «Ազատության» աղբյուրները հայտնում են, որ հրաժարականն ուղիղ կապ ունի վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հետ։ Փաշինյանը Արարատյան և Արևմտյան մաքսատներում արված լուսանկարներ էր հրապարակել, որոնցում հերթում սպասող քաղաքացիները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Վարչապետը հրապարակային կոչ էր արել Անանյանին զբաղվել խնդրով։ Հատկանշական է Փաշինյանի՝ ՊԵԿ-ին վերաբերող երկրորդ հրապարակմանը կից գրառումը. «Արևմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետևանք չի մնա»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` մասնավորապես գործադիրից պահանջ է եղել հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, սակայն ՊԵԿ նախագահը հրաժարվել է՝ նախընտրելով ինքը հեռանալ։

Միևնույն ժամանակ գերատեսչությունից հայտնում են` հրաժարականը բացարձակ կապ չունի մամուլում շրջանառվող մյուս բոլոր վարկածների հետ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ եթե տեղեկությունը ճիշտ է, ապա անհեթեթ է նման բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքից ազատելը մաքսատան կուտակումների պատճառով.- «Եթե ուրիշ բան կա տակը, ժողովուրդ ջան, ես ձեզ մի բան ասեմ` Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ազատվում, որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու: Ոնց եղել է նախկին կառավարման համակարգում արատավոր այս փակ նշանակումներն ու փակ ազատումները, նույն ձևով շարունակվում է»:

Սակայն վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, թե վարչապետը հրահանգել է ազատել մաքսատան պետին՝ զերծ մնալով այլ մեկնաբանություններից։

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հավանական է համարում, թե հրաժարականը կապված է կոմիտեում կուտակված տարբեր խնդիրների հետ.- «Կարող ենք վերլուծել, որ դա 12-ից ստուգումները, էս վերջին հնարավոր է նաև արտահոսքը, որ ծխախոտի մաքսանենգություն, էդ բոլորը կարող են ամեն մեկը 5 տոկոսով, 7 տոկոսով ավելացնել դժգոհության ծավալը, և մի օր հասկանան, որ հնարավոր չի շարունակել աշխատանքը»:

Այսօր հայտնի դարձավ, որ մայիսի 12-ից Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել Պետական եկամուտների կոմիտեում։ Պատճառն ըստ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանի՝ առկա ռիսկերն են։ Թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, ծառայությունից դեռ չեն հայտնում:

XS
SM
MD
LG