Մատչելիության հղումներ

Սենատում ներկայացրել են «Հյուսիսային հոսք-2» ծրագրի նոր պատժամիջոցների օրինագիծ


Ծովով խողովակաշար անցկացնող «Ակադեմիկ Չերսկի» ռուսական նավը Ռյուգեն կղզու մոտ, Գերմանիա, 10 մայիսի, 2020թ.
Ծովով խողովակաշար անցկացնող «Ակադեմիկ Չերսկի» ռուսական նավը Ռյուգեն կղզու մոտ, Գերմանիա, 10 մայիսի, 2020թ.

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ սենատորները ներկայացրել են համատեղ օրինագիծ, որի նպատակն է խոչընդոտել Ռուսաստանից՝ Բալթյան ծովով դեպի Եվրոպա «Հյուսիսային հոսք-2» գազատար խողոկավաշարն անցկացնելու ծրագիրը:

Օրինագիծը ներկայացրել են հանրապետական սենատոր Թեդ Քրուզը և նրա դեմոկրատ գործընկեր Ջին Շահինը:

Օրինագծով առաջարկվում է ընդարձակել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի նկատմամբ արդեն սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Այդ խողովակաշարի անցկացումը ռուսական կողմին կընձեռի Եվրոպա փոխադրվող գազի ծավալը կրկնապատկելու հնարավորություն:

Անցյալ տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգներն ընդունել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության պաշտպանության օրենքը, որով պատժամիջոցներ են սահմանվել Բալթյան ծովով խողովակաշարն անցկացնող նավերի նկատմամբ, ինչի արդյունքում ավարտին մոտ 11 միլիարդ դոլար արժեքով այդ ծրագիրը սառեցվել է:

Խողովակաշարի մնացած 160 կիլոմետրանոց հատվածն ավարտելու համար Ռուսաստանը Բալթյան ծով իր նավերն է ուղարկել:

«Հյուսիսային հոսք-2» ծրագրով Ռուսաստանից դեպի Գերմանիա կառուցվում է երկու զուգահեռ խողովակաշար, յուրաքանչյուրի երկարությունը` 1230 կիլոմետր:

Միացյալ Նահանգների համոզմամբ, «Հյուսիսային հոսք-2» նախաձեռնությամբ Մոսկվան թուլացնում է Ուկրաինայի դիրքերը և հզորացնում է Եվրոպայի վրա ճնշում բանեցնելու հնարավորությունները:

Խողովակաշարը Մոսկվային թույլ կտա գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը:

Մոսկվան պնդում է, որ Վաշինգտոնը խողովակաշարի հարցն արծարծում է աշխարհաքաղաքական նպատակներով և ցանկանում է Եվրոպային համոզել գնել ԱՄՆ-ում արդյունահանված բնական գազը, որի առաքումը ռուսականի համեմատությամբ շատ ավելի թանկ կլինի:

XS
SM
MD
LG