Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 6,5 միլիոնը, մահացել է 386 հազար մարդ, բուժվել է 2,8 միլիոնը


ԱՄՆ, Հավայան կղզիներ - Ազգային գվարդիայի զինծառայողը Հոնոլուլուի օդանավակայանում ջերմաչափում է իրականացնում, արխիվ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 6 միլիոն 512 հազարին, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 386 հազարը, բուժվել է շուրջ 2 միլիոն 807 հազար մարդ:

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե՛ վարակվածների և թե՛ մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար 1 միլիոն 851 հազար և 107 հազար:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 584 հազար, այդ երկրում մահացել է 32,5 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ մոտ 432 հազար, մահացել է 5,2 հազար մարդ:

Մահացածների թվով աշխարհում երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ մոտ 40 հազար, այս երկրում վարակվածների թիվը 281 հազար է, երրորդը Իտալիան է՝ 33,6 հազար մահացու ելք վարակի մոտ 234 հազար դեպքերից:

Շվեդիան կարանտին չի հայտարարել: Արդյունքում` մահացության մակարդակը գերազանցել է բոլոր հարևանների ցուցանիշները. Covid-19-ից Շվեդիայում մահացել է շուրջ 4,5 հազար մարդ, մինչդեռ հարևան Դանիայում մահվան դեպքերի թիվը 580 է, Նորվեգիայում՝ 237:

Իսպանիան կարանտինը երկարաձգեց մինչև հունիսի 21-ը: Կիրակի օրվանից հետո առաջին անգամ երկրում կրկին Covid-19-ից մահ գրանցվեց: Ուղիղ մեկ ամիս առաջ համաճարակի պատճառով Իսպանիայի հիվանդանոցներում ամեն օր մի քանի հարյուր մարդ էր մահանում: Վերջին շաբաթների ընթացքում Իսպանիան աստիճանաբար թուլացնում է կարանտինը և հույս ունի հուլիսին սահմանները բացել զբոսաշրջիկների համար:

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին փակ տարածքներում չհանդիպել անձրևի պատճառով: Բրիտանիայում անձևներ են սկսվել, և կառավարությունը մտավախություն ունի, որ այն բնակիչները, ովքեր հաճախ էին փողոցում հանդիպում, այժմ կայցելեն միմյանց տներ, իսկ փակ շփումները մեծացնում են վարակի տարածման վտանգը:

XS
SM
MD
LG