Մատչելիության հղումներ

Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5-ամյա փոքրիկը գիտակցության է եկել և սկսել ինքնուրույն շնչել


Արխիվային լուսանկար

Օրերս Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2.5 տարեկան փոքրիկը գիտակցության է եկել և սկսել ինքնուրույն շնչել: Այս մասին տեղեկացնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատուն։

Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն։ Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներ ունի՝ դեմքի, պարանոցի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում։

Ծոռին շների հարձակումից հետո տանից ոչ հեռու դաշտում գտել է 80-ամյա Ջուլիետա տատիկը: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց՝ հարևանի հետ նստած էր, երեխան իրենց կողքին խաղում էր, ասել է՝ «ջուր խմեմ», ապա անհետացել է, և երբ ինքը բարձրացել է դաշտ, տեսել է՝ երեխան՝ արյունոտված, կողքին՝ շները, որոնք իրեն տեսնելով փախել են: Օգնության են հասել հարևանները, շտապ բուժօգնություն են կանչել և երեխային տարել են հիվանդանոց:

Հարևաններից Հրաչը, ով առաջինն է օգնության հասել, ցույց տվեց, թե որտեղից են գտել երեխային. - «Ստեղ էր, ստեղ ընկած էր, մի քիչ էն կողմ, այ էն արդեն որ սարի պես կա: Ըտեղ Ջուլիկ տատը կռացել էր, ես էլ էկա ստեղ: Էսքան տեղից ես իրան գրկեցի ու վազցրել եմ ըտեղ աթոռ իրեք հատ՝ իրա քուրիկը փոքր, մեկ էլ իմ տղես, աթոռները բերին, որ պառկցնինք, ձեռքիս վրա մեղքս կուտար, սաղ վերք էր: Ես չեմ տեսել շներին՝ ինչքան էին, ես մինչև գնացի, արդեն տատիկը ուզում էր վերցնել, չէր կարում, ըտեղ տատիկը կըսե մի քանի հատ շուն էին: Ու կերևա, որ մի քանի շան կծած է, սաղ մարմինը պոռթված, չեք պատկերացնի, ամբողջ կյանքս... գլխու վրա ՝քանի հատ, գլխու ստեղաները, էս մեջքամասը՝ սաղ կտրտած, բացած... 75 հատ կար տվեցին»:

Ամեն նման դեպքից հետո օրակարգում հայտնվում է թափառող շների հարցը: Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ասում է՝ թափառող շների խնդիրը կլուծվի, եթե կառուցվի կացարան: Պաշտոնյայի խոսքով՝ համայնքային իշխանությունը միայնակ ի վիճակի չէ լուծել թափառող շների կացարանի կառուցման հարցը, քանի որ բավականին ծախսատար է:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը, էդ օրենքում 16-րդ հոդվածում, ուրեմն, կենդանիների կացարանները կարող են լինել պետության, համայնքային և մասնավոր սեփականության: Ուրեմն, մենք մասնավորին ուղերձ ենք տալիս, համայնքով մենք էդ ծրագիրն ենք իրականացնում, մենք ակնկալում ենք նաև պետության աջակցությունը այս կացարանների կառուցման գործում, որովհետև օրենքով կա, կարող է լինել նաև պետության: Այսինքն՝ միայն համայնքի վրա, օրենք ընդունելով և էս ամբողջ պատասխանատվությունը դնելով, շատ մեծ բեռ է», - նշեց փոխքաղաքապետը:

Գյումրիում թափառող շներին ստերջացնում են: Այստեղ էլ են խնդրի բախվում, պատմում է ստերջացումն իրականացնող «My Vet» անասնաբուժական կլինիկայի տնօրեն Էդգար Գևորգյանը:

«Էսօր 70-80 տոկոս թաղամասերը խնդիր ունենք կենդանիներին որսալու հարցով: Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում ստերջացումը, մարդիկ չեն գիտակցում, որ անհրաժեշտություն է, բյուջեն բավականին մեծ գումարներ է ծախսում, բավականին լուրջ աշխատանքներ են գնում», - նշեց Գևորգյանը:

«Ուրեմն, եղել է, որ կենդանուն բռնել բերել են, տարել են կլինիկա, փորձել են ստերջացնել, տերն եկել, վիճաբանել, տարել է, տերը չի թողել՝ «թող մի հատ սերունդ ունենա, նոր ստերջացնեն», - ասաց Սուլթանյանը:

«Բավականին դժվար է մարդկանց հետ աշխատելը», - հավելեց Գևորգյանը:

Կա՞ն հաշվարկներ, թե Գյումրիում մոտավորապես քանի թափառող շուն կա: «Մենք մոտավոր մոնիթորինգ ունենք, որ 1000-1300 թափառող կենդանի կա կոնկրետ Գյումրի քաղաքում, որից արդեն 350-ը ստերջացված են», - ասաց «My Vet» անասնաբուժական կլինիկայի տնօրենը՝ հույս հայտնելով, որ իրենց ծրագիրը, պայմանագիրը շարունակական կլինի:

Քանի դեռ թափառող շների կացարան կառուցված չէ, ստերջացման ծրագիրը կշարունակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG