Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան, հայտնում է Արտգործնախարարությունը:
«2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն», - ասված է հայտարարությունումը:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը:
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: