Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ՔԿ


Մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018 թվականի ապրիլից մինչև 2020-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և կոմունալ շահագործման ծառայության պետի հետ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետի, «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջ, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջ և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստապետի օժանդակությամբ, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար 1 կվ-ը միջինը 41 դրամով հատկացված էլեկտրաէներգիայի մի մասը 1կվ-ը 9 դրամի դիմաց, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օտարել է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետին, ինչպես նաև «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջը, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 25 միլիոն 625 հազար դրամի վնաս:

Բացի այդ, զորամասի հրամանատարը 2019 թվականի սկզբներից մինչև 2020-ի մարտը կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և հրամանատարի թիկունքի գծով տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար հատկացված բնական գազի մի մասը 1 մ 3-ը 23 դրամի դիմաց շուրջ 3 միլիոն դրամով օտարել է «Գազպրոմ Արմենիա»-ի Գյումրի մասնաճյուղի աշխատակիցներ Ա. և Ռ. Ջ.-ին, որը առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 16 միլիոն 304 հազար 347 դրամի վնաս:

ՔԿ-ն հայտնում է՝ պարզվել է նաև, որ զորամասի հրամանատարը 2019-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի միջոցով տեղեկանալով, որ նույն զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահը ցանկանում է, որ զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակվի կինը, վերջինիս նշված պաշտոնին նշանակելու համար, ֆինանսական ծառայության պետի միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 485 հազար 860 դրամին համարժեք 1000 դոլար, որից հետո զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահի կինը նշանակվել է զորամասի ակումբի պետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 375-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG