Մատչելիության հղումներ

Սփյուռքի պատերազմը սպիտակ ջարդի դեմ է. Ֆրանսիայի Ալֆորվիլի փոխքաղաքապետ


Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում ընդհատված` տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքապետական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 28-ին: Որոշ քաղաքապետություններում, սակայն, թեկնածուներն ընտրվել են առաջին փուլում` մարտի 15-ին քվեների բացարձակ մեծամասնություն ունենալու շնորհիվ:

Այդպիսի իրավիճակ է Ալֆորվիլ փարիզամերձ քաղաքում, որի քաղաքապետը՝ Հայ դատի նվիրյալ պաշտպան Լյուկ Կարվունասն ընտրվել է 57 տոկոս քվեներով: Նրա ընտրական ցուցակում տեղ գտած 5 ֆրանսահայեր այսօր մաս են կազմում Ալֆորվիլի քաղաքապետական խորհրդի: Նրանցից մեկն է Սարո Մարդիրյանը, որը նաև Ֆրանսիայի Լուսավորչական եկեղեցու թեմական ժողովի նախագահն է, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

Մայիսի 24-ին ընտրված իբրև Արֆորվիլի քաղաքապետի կցորդ` Սարո Մարդիրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Այսօր ես համակված եմ ուրախությամբ, յուրաքանչյուր հաղթանակ ուրախություն է պատճառում, իհարկե: Միաժամանակ պետք է ասեմ, որ այդ ընտրությունը տարիներ առաջ սկսված մի աշխատանքի արդյունք է, որը նոր փուլ է բացում և այլ կերպ աշխատելու հնարավորություն ստեղծում մեզ համար»:

Իբրև քաղաքապետի կցորդ Սարո Մարդիրյանն աշխատելու է նոր տեխնոլոգիաների ասպարեզում, որն իր մասնագիտությունն է: Պատասխանելով հարցին, թե քաղաքապետական խորհրդում կա արդյո՞ք համայնքի խնդիրներով զբաղվող մի պատասխանատու (7-8 հազար հայեր են ապրում Արֆորվիլում), ասաց.- «Քաղաքապետական խորհրդում չկա համայնքի հատուկ պատվիրակ կամ պատասխանատու, ինչպիսին որ գոյություն ունի օրինակ` Իսե լե Մուլինիոյի քաղաքապետական խորհրդում` հանձին Արթուր Խանջյանի»: Բայց կարելի է ասել, թե Արֆորվիլի քաղաքապետական խորհրդի ծագումով 5 հայերը, որոնցից 3-ը կցորդներ են, երկուսը` խորհրդականներ, համայնքի ներկայացուցիչներն են: «Ալֆորվիլի համայնքն այնքան բազմապիսի է, այնքան հարուստ իր գործունեությամբ, որ միայն մի հոգի բավարար չէ այն ներկայացնելու համար»,- հավելեց նա:

Մարտիրյանն իր ծնողների հետ 4 տասնամյակ առաջ է արտագաղթել Թուրքիայից` հաստատվելով Ալֆորվիլում: Բացատրեց նաև, թե ինչն է մղել իրեն քաղաքականությամբ զբաղվել.- «Իմ քաղաքական գործունեությունն իմ պարտականության կատարումն է համայնքի և ընդհանուր առմամբ հայության առջև: Սփյուռքում մենք կանգնած ենք անհետացման առջև, դա ձուլման բնական գործընթաց է` լինի Ֆրանսիայում, թե Միացյալ Նահանգներում և որևէ այլ երկրում, մանավանդ գլոբալացման ներկա պայմաններում: Մեր ինքնությունը վտանգի տակ է, և իմ քաղաքական գործունեության նպատակն այդ վտանգի դեմ պայքարելն է: Ես աշխատում եմ բոլոր նրանց հետ` եկեղեցի, դպրոց, կուսակցություն, ովքեր ցանկանում են մասնակցել ինքնության պահպանման մեր պայքարին: Ապագայի մեր միակ հույսը Հայաստանն է: Մենք հատկապես ուշադիր ենք Հայաստանի հանդեպ, և պետք է ասեմ, թե Հայաստանի գոյությունն է` իբրև ազգային օջախ, իբրև ազգային պետություն, որ թույլ է տալիս շարունակել մեր պայքարը մեր ինքնության պահպանման համար»:

Իսկ ինչպե՞ս է կարողանալու համատեղել իր բազմաթիվ պարտականությունների կատարումը, նա նշեց, թե «այն զինվորը, ով պաշտպանում է Հայաստանի և Արցախի սահմանները, ավելի մեծ պատասխանատվություն է կրում»: «Սփյուռքի պատերազմը սպիտակ ջարդի դեմ է, այսինքն` մենք բոլորս Հայաստանում, թե սփյուռքում պատերազմում ենք մեր ինքնության պահպանման համար: Տարբեր են միայն զենքերը: Եթե դու պարտավորություն ես ստանձնում, պատրաստ են նաև դիմելու անձնազոհության, և այդ հոգեվիճակում եմ գտնվում ես այսօր»,- հավելեց փոխքաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG