Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:
Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
«Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա:
Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն», - նաև ասված է Գախարիայի շնորհավորական ուղերձում: