Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան․ Աստիճանաբար շտկելով թերությունները` պոլիկլինիկական համակարգը ամբողջությամբ լծենք այս գործին


Արտակարգ դրության պարետատան այսօրվա նիստից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ առանց ախտանշանների վարակակիրները վերջին օրերին հիվանդանոցներից տուն ուղարկելը և նրանց հետևելու պարտականությունը համայնքային պոլիկլինիկաներին փոխանցելը, որոշակի լարվածություն է առաջացրել պոլիկլինիկաներում։

«Դա, լինելով նոր մի գործառույթ նրանց համար, և որոշակի լարվածություն է առաջացրել մեր քաղաքացիների և առողջության առաջնային պահպանման օղակի միջև: Եվ ես ուզում եմ կոչ անել, որպեսզի հայտնաբերված թերությունները, դժգոհությունները, բողոքները հրատապ կերպով հաղորդվեն Առողջապահության նախարարության թեժ գիծ, որպեսզի մենք կարողանանք արագ արձագանքել և չունենանք որևէ բաց թողնված դեպք, որևէ պացիենտի առողջական վիճակի վատթարացում: Եվ աստիճանաբար շտկելով թերությունները` պոլիկլինիկական համակարգը ամբողջությամբ լծենք այս գործին», - հայտարարեց նախարարը:

Կորոնավիրուսով վարակված մի քանի քաղաքացիներ արդեն հրապարակային դժգոհություն են հայտնել իրենց տրամադրված բուժման վերաբերյալ։

Այսօր Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ։ Երեկ առցանց պարբերականը հարցազրույց էր հրապարակել, որում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արամ Բաբաջանյանն ասել էր, որ իր մոտ բուժման ընթացքում առողջական նոր խնդիրներ են ծագել՝ կապված լյարդի հետ, նաև սնկային հիվանդություն է սկսվել։

Առողջապահության նախարարությունից այլ բան են ասում՝ պնդելով, թե 68-ամյա Բաբաջանյանի ու նրա կնոջ բուժումը հարթ է ընթացել։ Այն մշտապես հսկվել է թոքաբանի, սրտաբանի կողմից, մեկ շաբաթ հետո կատարվել են ստուգիչ ռենտգեն հետազոտություններ: Դրական COVID-19-ով Բաբաջանյանը պնդում է, որ կինն ու ինքը երկկողմանի թոքաբորբով են դուրս գրվել։ Թերահավատ է, թե ինքն ու կինը բուժման ընթացքում դրական արդյունք են գրանցել. – «Ես հիմա չգիտեմ ես թոքաբորբ ունեմ, թե չունեմ, ես վիրուսակիր եմ, թե վիրուսակիր չեմ: Էն չակերտավոր բուժման արդյունքում որ իմ անալիզները վատացել են` լյարդի, բանի վիճակը, հիմա ինչ վիճակում ա, չգիտեմ: Եվ ոնց պիտի շարունակեմ բուժումը, որտեղ պիտի գնամ անալիզներ հանձնեմ, որտեղ պիտի KT անեմ, թոքերիս վիճակը իմանամ, եթե ես պիտի Երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ լինեմ»:

Բաբաջանյանը դժգոհ է նաև բժշկական կենտրոնում իրականացված բուժումից։ Ասում է, որ առավոտյան և երեկոյան իրենց այցելող բժիշկները ջերմաչափել են ու իրենց արյան մեջ թթվածնի տոկոսն են չափել, իսկ իրենց հարցերն անպատասխան են թողել։ «Հետք» պարբերականին Բաբաջանյանը պատմել էր, որ բժիշկները բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա ընթացքում, իր ասելով, տեսնել են 2-3 րոպե։

Առողջապահության նախարարությունից պարզաբանում են, որ համաճարակաբանական տեսանկյունից ճիշտ չէ բժշկի՝ պացիենտների հետ երկար մնալը, պնդում են, որ Բաբաջանյանն ու կինը անհատական մոտեցում են պահանջել, արտոնյալ պայմաններ, որ իրենց այցելի թոքաբանության պրոֆեսոր` կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։

68-այմա քաղաքացին հերքում է՝ իրենք նման պահանջներ չեն դրել. – «Հիմա ես պահանջում եմ, որ ինքը էն մարդու անունը տա, ում ես ըտենց բան եմ ասել... Ակնհայտ սուտ բաներ են ասում»:

Բաբաջանյանի պնդումներին, թե իրեն բժշկական հաստատությունում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, Առողջապահության նախարարությունից արձագանքում են՝ վկայակոչելով վիճակագրությունը. – «Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում» (նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյան):

Բաբաջանյանը նաև դժգոհ է պոլիկլինիկաների սպասարկումից: Նրա խոսքով, իրենց դուրս գրելուց հետո ասել են, որ բուժումը պետք է շարունակեն պոլիկլինիկայի միջոցով։ Դիմել է այնտեղ ու պատասխան ստացել, թե իրենք այդպիսի ցուցում չունեն։

Փաստաբան Իննեսա Պետորոսյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել, սակայն նրան էլ տնային բուժում են նշանակել: Նա պնդում է, որ ինքնամեկուսացումից հետո իրենով ոչ ոք չի հետաքրքրվել. – «Հարցը իմ մասին չի, ես ինչ-որ կերպ իմ հարցերը կարողանում եմ լուծել, բայց շատ քաղաքացիներ վստահ եմ՝ իրենց տներում ուղղակի հիմա մի բան են անում չափում են ջերմություն...»

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք վերապատրաստել են պոլիկլինիկաների աշխատակիցներին։

XS
SM
MD
LG