Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածներից 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնաբերվել են դեպքեր նաև մանկատանը


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյան

Երեկ կատարված 1197 կորոնավիրուսի թեսթից դրական է եղել 452-ը, մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով Հայաստանում սա նոր «ռեկորդ» է։ Երեկ մահացել է 6 մարդ, նրանցից ամենաերիտասարդը՝ 58, ամենատարեցն 86 տարեկան, 2-ը կանայք, 4-ը՝ տղամարդիկ։

Առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալներով` կորոնավիրուսի բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված են 154-ը, ազատ են ընդամենը 32-ը: Եղած հիվանդներից 230-ի վիճակը ծանր է և 52-ինը` ծայրահեղ ծանր: Այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սակայն մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո:

«Ինչու ունենք այսօր նմանատիպ պատկեր: Սա ևս մեկ անգամ ազդակ է բոլորիս, որպեսզի կարողանանք այն կարգապահությունը, որը որ այսօր թելադրվում է թե' Կառավարության, թե' պարետան և թե' Առողջապահության նախարարության կողմից, հավուր պատշաճի իրականացնել: Ունենք լայն աշխարհագրական տարածվածություն, ունենք օջախայնություն ընտանեկան դեպքերի մակարդակով, ունենք նաև օջախայնություն առանձին տնտեսվարող սուբյեկտների հաստատություններում արձանագրված», - այսօր հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրոսի ընդհանուր ավելի քան 7100 դեպքից դեպքերից 3145-ն առողջացած են, 87-ը` մահացել են, այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 մարդ:

Հարևան Վրաստանում հաստատված դեպքերի թիվը 730 է, Ադբեջանում` 4200։

Հարցին, թե ինչու է Հայաստանում առաջացել տարածաշրջանի ամենավատ պատկերը վիրուսի տարածամն առումով, Թորոսյանն արձագանքեց. – «Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչ որ արվում են Հայաստանի Հանրապետությունում: Ուղղակի էստեղ մի փոքր կարգապահության հարց է... Նաև վերաբերմունք է պահանջում այս հիվանդությունը, և աչալրջություն է պահանջում: Ուղղակի պետք է զուտ հորդորներին լինել ականջալուր, զուտ այն առաջարկությունները, որոնք որ պետական ատյանների կողմից հրապարակվում են, դրանք պետք է իրականացնել»:

Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը

Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մինչև հունիսի 3-ը փակ է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը։

Մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով քաղաքի մուտք ու ելքի՝ ոստիկանների կողմից հսկվող 12 կետ կա. – «Հաշվի ենք առել, որ մեր մարզում երկու համայնք արդեն` Վարդենիս և Դդմաշեն, բավական արդյունավետ է եղել պարետի որոշմամբ համայնքները փակելը և հետագա գործողությունները: Հաշվի ենք առել, որ նախորդ օրը միայն Սևանում 24 նոր դեպք գրանցվեց: Հաշվի ենք առել, որ Սևանի տարածաշրջանի համայնքներում բավական գրանցված դեպքեր կան, և այդ համայնքների ու Սևանի միջև բավական մեծ կապ կա, տեղաշարժ կա բնակչության»:

Չնայած կիրառված սահմանափակումներին ու կորոնավիրուսի մոտ 80 դեպքերին, Սևանում խուճապ չկա, ասում է քաղաքապետ Սարգիս Մուրադյանը. – «Խուճապային բառը ճիշտ չի լինի, որ ասեմ, բայց ամեն դեպքում երևի ավելի շատ զգոն կլինեն: Ավելի շատ բոլորս էլ զգոն կլինենք, որպեսզի հետագայում խուսափենք»։

Կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, որտեղ բացահայտվել է հիվանդության 15 դեպք, վարակվածներից 9-ը երեխաներ են են, 6-ը՝ աշխատակիցներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասում է, թե ամենայն հավանականությամբ վարակը հաստատություն է տարել դայակներից մեկը, քանի որ փետրվարի վերջին մանկատներում գործել են սահմանափակումներ, արգելվել են այցելությունները։ Մայիսի 19-ից գործել է նաև փակ ռեժիմ, երբ արգելվել է նաև աշխատակիցներին գնալ տուն, սակայն վիրուսից խուսափել չի հաջողվել. – «Առաջին ախտանշանները և միակ ախտանշանները, որ ի հայտ են եկել, դայակներից մեկի մոտ է եղել ջերմության բարձրացման տեսքով»:

Այս մանկատունը հատուկ խնամքի հաստատություն է, որտեղ գտնվում են հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ:

Մարտիրոսյանի խոսքով, բարեբախտաբար, վարակված երեխաների մոտ վիրուսի բարդացումներ չկան. – «Նրանք մեկուսացվել են հաստատության ներսում, որտեղ երեխաների խնամքը իրականացնելը ավելի հեշտ է»:

Ծերանոցում կորոնավիրուսով վարակված 17 մեծահասկաներից երկուսը մահացել են, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեկ շաբաթ առաջ կորոնավիրուսի դեպքեր էին հայտնաբերվել նաև Նորքի տուն-ինտերնատում։ Այս ծերանոցում վարակված 17 մեծահասկաներից 2-ն օրերս մահացել են կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատաճռով, սակայն դրական թեստավորում է ունեցել: Մեկ տարեցի վիճակ էլ այժմ ծայրահեղ ծանր է։

XS
SM
MD
LG