Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում


Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:

«Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Փաշինյանը:

Նա կարծիք է հայտնել, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի և Արցախի կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: «Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի», - նշել է վարչապետը:

«Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Արայիկ Հարությունյանը նշել է. - «Պատահական օր չէ, պատմական օր է այսօր, պարտավորեցնող օր է, և այո, ինչպես Դուք նշեցիք, կարևորն է այն գիտակցությունը, որ առաջնորդներից շատ բան է կախված»: Նա համոզմունք է հայտնել, որ ներդաշնակ աշխատանքն ավելի էֆեկտիվություն է տալու հարենիքի, Արցախի և Հայաստանի զարգացմանը:

«Ուզում եմ հայտնել պատրաստակամությունս՝ այս կարևոր, վճռական, պատմական փուլում Ձեզ հետ միասին կիսելու մեր երկրի առաջ ստանձնած կարևոր պարտավորությունները», - ասել է Արցախի նախագահը՝ շարունակելով. - «Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի»:

«Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն Պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է», - նշել է Հարությունյանը:

«Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը», - հայտարարել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

XS
SM
MD
LG