Մատչելիության հղումներ

Ամսվա ընթացքում երկրորդ հարձակումը Ստամբուլում հայկական եկեղեցու վրա


Թուրքիա - Պատարագ Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, արխիվ

Անցնող ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի հայկական եկեղեցիների վրա: Օրերս անհայտ անձը պոկել է Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։

Եկեղեցու արտաքին տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է անձը մոտեցել, որոշ ժամանակ նայել դռանը, ապա մագլցելով դռան վրա՝ պոկել է խաչը, այն նետել գետնին ու հեռացել։

Եկեղեցու ղեկավարության տարածած հայտարարության համաձայն, դեպքի առնչությամբ բողոք է ներկայացվել ոստիկանություն, ընթանում է քննություն: Եկեղեցու դռան խաչը կրկին իր տեղում է ամրացվել:

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, անդրադառնալով այս դեպքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձնում ատելության հանցանքները»:

Մոտ երկու շաբաթ առաջ էլ մի անձ փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքրքյոյ վարչական շրջանում գտնվող Ծնունդ Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու դուռը: Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հանցագործին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG