Մատչելիության հղումներ

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին


Գարո Փայլանը, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման շուրջ:

Օրերս մի քաղաքացի փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքրքյոյ վարչական շրջանում գտնվող Ծնունդ Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու դուռը: Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հանցագործին: Խոստովանական ցուցմունքում նա նշել էր, թե այդ քայլին է դիմել, քանի որ «կորոնավիրուսը հայերն են մեր գլխին պատուհաս դարձրել»:

Այս դեպքից ելնելով՝ Փայլանը ընդգծել է, որ Բաքրքյոյում և այլ շրջաններում գտնվող եկեղեցիները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների, խտրական և ատելության խոսք պարունակող արտահայտություններ են գրվել եկեղեցիների պատերին, եղել են նաև զինված հարձակումներ:

Այս համատեքստում հայազգի պատգամավորը թուրք նախարարին մի քանի հարց է ուղղել. «Արդյո՞ք կարծում եք, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ հարձակումների վրա ազդեցություն ունեն Թուրքիայի նախագահի կողմից գործածված ատելության խոսքը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունը։ Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռնարկում հաճախ հարձակման ենթարկվող փոքրամասնությունների կրոնական հաստատությունների անվտանգության համար։ Իմ կարծիքով` ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումները նախկինի պես հիմա էլ ուղղորդվում են պետության ներսում գտնվող երևելի կամ աներևույթ շրջանակների կողմից։ Կարո՞ղ եք հակառակը պնդել»,- իր հարցադիմումի մեջ նշել է Փայլանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG