Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը 15 տոկոսով իջեցրեց Վրաստան մատակարարվող գազի գինը


Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավա, արխիվ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավա, արխիվ

Նախօրեին, երբ Վրաստանը նշում էր Առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձը, «Գազպրոմ» ընկերությունը յուրատեսակ նվեր մատուցեց Թբիլիսիին` ընդառաջելով ռուսական գազի գինը նվազեցնելու վրացական կողմի առաջարկին:

Ռուսական ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Հաշվի առնելով այն իրողությունները, որ մրցակցությունը [էներգետիկ շուկայում] սրվել է, իսկ նավթամթերքի գներն աշխարհում նվազում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գազի գնի նվազեցմանը: Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, կասեմ միայն, որ Վրաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ 15 տոկոսով», - հայտարարում էր վրաց նախարարը:

Հիշեցնենք, որ Վրաստանը դադարել էր «Գազպրոմ» ընկերությունից գազ գնել 2006 թվականին` Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում: Երկիրը Ռուսաստանից շարունակում էր ստանալ միայն Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար:

2017 թվականին, սակայն, երկարատև բանակցություններից հետո, Մոսկվան և Թբիլիսին ի վերջո համաձայնեցին վերադառնալ դրամական հարաբերությունների: Սկզբում ռուսական ընկերությունը Հայաստան մատակարարվող գազի տարանցման մի մասը շարունակում էր վճարել հումքով, մյուս մասը` կայուն տարադրամով: 2018 թվականից Ռուսաստանն ու Վրաստանն անցան բացառապես ֆինանսական վճարումների մեթոդին:

2019 ապրիլին արդեն Վրաստանի էկոնոմիկայի այժմ արդեն նախկին նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարեց, որ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի Թբիլիսին վերադառնում է ներքին սպառման նպատակով ռուսական գազի ձեռքբերման պրակտիկային: Վրաստանի ներքին շուկայում, այդուհանդերձ, ռուսական գազի չափաբաժինն առայժմ այնքան էլ մեծ չէ: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ 2019-ին Վրաստան է ներկրվել 160 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը կազմում է ներքին սպառման մոտ 5 տոկոսը: Այս տարի ռուսական գազի մասնաբաժինը ներքին շուկայում կհասնի 8 տոկոսի: Վրաստանի կողմից սպառվող գազի առյուծի բաժինը շարունակում է մատակարարել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարը լուրջ հույսեր ունի, որ ադրբեջանցիներև ևս առաջիկայում կնվազեցնեն գազի գինը:

«Այսօր մեր շուկան լիարժեքորեն մրցակցային է, առևտրային տրամաբանությունից ելնելով՝ գազի գինը նվազում է, և թե՛ SOCAR-ը, թե՛ «Գազպրոմ»-ը հետևում են այդ տրամաբանությանը: Անհրաժեշտության դեպքում մենք այդ երկու ընկերությունների հետ կրկին կբանակցենք գներն է՛լ ավելի նվազեցնելու շուրջ: Այդ ամենը կախված է լինելու շուկայում տիրող կացությունից», - հայտարարում էր Նաթիա Թուրնավան:

XS
SM
MD
LG