Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի գործարարի կինը կարող է զրկվել Լոնդոնում իր անունով գրանցված ողջ ունեցվածքից


Մեծ Բրիտանիա - Harrods խանութի շենքը Լոնդոնում, արխիվ

Միլիոնավոր դոլարներ արժեցող ոսկերչական իրեր, բնակարաններ Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասերում, գոլֆ ակումբ Բերքշիրում․ այս ամենի սեփականատերը հանդիսացող Ադրբեջանի քաղաքացի Զամիրա Հաջիևան դարձավ Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջեցին բացահայտել հարստացման աղբյուրները:

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) Հաջիևային այս պահանջը ներկայացրել էր դեռ փետրվարին, սակայն անօրինական հարստացման մեջ կասկածվող անձի ինքնությունը բրիտանացի իրավապահները բացահայտեցին միայն երեկ, այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը մերժեց ադրբեջանուհու` իր անունը չհրապարակելու պահանջով ներկայացված հայցը:

Բրիտանացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Հաջիևան Ադրբեջանի բանկային համակարգի երբեմնի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի` Ջահանգիր Հաջիևի կինն է: Հաջիևը 14 տարի շարունակ ղեկավարում էր ադրբեջանական երկու պետական դրամատներից մեկը` «Ադրբեջանի միջազգային բանկը»: 2016 թվականին, սակայն, Բաքվի առաջին ատյանի դատարանը Հաջիևին դատապարտեց 15 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով խարդախության և անօրինական ծախսերի համար:

Այժմ էլ ահա բրիտանական իշխանություններն են փորձում պարզել, թե որքանով էին օրինական Լոնդոնում բնակվող նրա կնոջ` Զամիրա Հաջիևայի` Միացյալ Թագավորության տարածքում կատարած ծախսերը: Դատելով բրիտանական մամուլում շրջանառվող տեղեկություններից՝ դրանք բավական տպավորիչ են եղել: Այսպես, Հաջիևան վերջին տասը տարում մոտ 16 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի ամենահայտնի խանութներից մեկում` Harrods-ում` հիմնականում շքեղ զարդեր գնելով: «Ընդամենը մեկ օրում Հաջիևան Harrods-ում շուրջ 150 հազար ֆունտ էր ծախսել` հիմնականում ոսկերչական իրերի վրա», - պնդում են բրիտանացի քննիչները:

Լոնդոնում բնակության ընթացքում Հաջիևան նաև 42 միլիոն ամերիկյան դոլար է ծախսել Golfstream G550 մակնիշի օդանավի ձեռքբերման վրա:

Բրիտանացի քննիչները Հաջիևայից նաև պահանջում են բացատրել ֆինանսական այն միջոցների ծագումը, որոնցով նա Վիրգինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով 2009 թվականին կարողացել է 11․5 միլիոն ֆունտ արժողությամբ բնակարան գնել Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասերից մեկում` Նայթսբրիջում:

Զամիրա Հաջիևայի անունով գրանցված ևս մեկ ընկերությանն է պատկանում Բերքշիր կոմսության Ասկոտ բնակավայրում գտնվող հողատարածքի կեսը, որի վրա է կառուցվել երկրի ամենահայտնի գոլֆ ակումբներից մեկը` Mill Ride-ը: Հողատարածքի արժեքը գերազանցում է 10 միլիոն ֆունտ ստեռլինգը կամ 20 միլիոն դոլարը: Նման բարձր գինը, ի դեպ, ևս պատահական չէ. Ասկոտն այն քաղաքն է, որտեղ ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում է թագավորական ձիարշավը:

Դա սակայն ամենը չէ:

The Times-ի տեղեկություններով՝ Ջահանգիր Հաջիևը Ադրբեջանի միջազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելուց մի քանի տարի անց` 2005-ին, 3 միլիոն ֆունտ արժողությամբ մեկ այլ բնակարան է ձեռք բերել Լոնդոնի Բելգրավիա թաղամասում: Սա բրիտանական մայրաքաղաքի ևս մեկ թանկարժեք թաղամասերից մեկն է, տարբեր տարիների այստեղ են բնակվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

Այսօր, սակայն, Զամիրա Հաջիևան իր բրիտանական սեփականության կորստի իրական վտանգի առջև է: BBC-ի տեղեկություններով՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Հաջիևան չկարողանա համոզիչ ապացույցներ ներկայացնել առ այն, որ բնակարանները, զարդերը, հողատարածքներն ու օդանավը ձեռք են բերվել օրինական միջոցներով: Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության քննիչները, այդուհանդերձ, գրեթե վստահ են, որ դա Հաջիևային չի հաջողվի, քանի որ նրա ամուսինը 1993-ից 2015 թվականներին պետական ծառայող է հանդիսացել:

Սկանդալի կիզակետում հայտնված Զամիրա Հաջիևան, մինչդեռ, պնդում է, որ իր ամուսինը հաջողակ գործարար էր և բոլոր գումարները վաստակել է ոչ թե միջոցները իր ենթակայության տակ գտնվող բանկից դուրս բերելով, այլ արդար քրտինքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG