Մատչելիության հղումներ

Հայաստանի դպրոցներում այսօր Վերջին զանգն է


Վերջին զանգը Երևանում, արխիվ

Հայաստանի պրոցներում այսօր Վերջին զանգն է: Շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը:

«Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում: - «Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը»:

«Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը: Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը», -իր ուղերձում գրում է Հայաստանի վարչապետ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր մարտահրավերների, որ ավելի խորն ու անմիջականորեն եք տեսնելու և զգալու՝ կյանքը միշտ գեղեցիկ է, որքան էլ այն բարդ է ու անկանխատեսելի»:

«Ժամանակը, աշխարհը խելահեղորեն շտապում են: Գիտելիքը ձեզ օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերևացող հեռուն: Ամուր բռնեք գիտելիքի ձեռքից, միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաև տաղանդը», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ նշված է ուղերձում:

«Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, և իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք և ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր և ինչպես է շարժվում աշխարհը», - գրում է Արմեն Սարգսյանը՝ մաղթելով. - «Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում ու ձեզ ճանապարհեր դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ»:

«Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ և լայնախոհ:

Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:

Բարի ճանապարհ դեպի նոր կյանք», - իր ուղերձն ամփոփում է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG