Մատչելիության հղումներ

Նոր կանոններ. առևտրի բոլոր մասնակիցները, մեքենաներում գտնվող 2 և ավելի անձինք պետք է դիմակ կրեն


Կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի որոշակի բռնկում ունենք վերջին օրերին, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են. դեպքերի մոտ 80 տոկոսը, ինչպես հայտնեց նա, արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման կետերում, որոնց գործունեության նկատմամբ սահմանափակումներն աստիճանաբար մեղմվեցին մայիսի 4-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 6 հազար 661 դեպք:

«Մարդկանց գիտակցության հետ աշխատելը իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է, մենք ամեն անգամ կնախընտրենք մարդկանց բացատրել, ներկայացնել, իրականության փոփոխության գործիքը անհատի գիտակցության փոփոխությունն է, և մեր թիվ մեկ գործիքը հիմա էլ մնում է անհատական վարքագծի փոփոխությունը: Բայց իհարկե, մենք նաև վարչական որոշակի լծակներ կգործադրենք: Այն սրճարանները, բանկերի մասնաճյուղերը, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, վարսավիրանոցները, որտեղ անվտանգության կանոնները չեն պահվում, դաժան ձևով փակվելու են, և ես հրահանգ եմ տվել, որ փակելիս նրանք, ովքեր կրկնակի խախտումներ են անում, չբավարարվեն 24 ժամ փակելով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքացիներն էլ իմանան, որ այդ վայրեր գնալն անվտանգ չէ իրենց համար:

Նա ներկայացրեց մասնագետների կողմից ներկայացված ուսումնասիրություն, համաձայն որի դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը:

Վարչապետը ներկայացրեց նաև, թե այս ամենից ելնելով ինչ որոշումներ են կայացրել: Այսպես, առևտրի բոլոր մասնակիցները անկախ իրենց գտնվելու վայրից պետք է լինեն դիմակով, այսինքն` և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է կրեն դիմակ: «Բոլոր այն տեղերում, որտեղ կա առևտուր, երկուսն էլ առևտրի պրոցեսում պետք է լինեն դիմակով»,- նշեց նա:

Ավտոմեքենաներում, որոնք ևս փակ տարածք են դիտարկվում, մեկից ավելի անձանց առկայության դեպքում դիմակի կրելը պարտադիր է լինելու բոլորի համար:

Վարչապետը նաև հորդորեց փողոցներում ծանոթներին հանդիպելիս պահպանել սոցիալական հեռավորություն, շփվել միայն դիմակներով, ձեռքերը պարբերաբար ախտահանել:

XS
SM
MD
LG