Մատչելիության հղումներ

«Կորոնավիրուս ասվածը տարբեր է մնացած թոքաբորբերից». պատմում է վարակակիրը


Երևանյան հիվանդանոց, որտեղ բուժում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, արխիվային լուսանկար
Երևանյան հիվանդանոց, որտեղ բուժում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսով վարակված և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում արդեն մի քանի օր բուժվող Լուսինե Նազարյանի ընտանիքի օրինակը հստակորեն ցույց է տալիս վիրուսի տարածման շղթան։

Մայիսի 9-ին Նազարյանները իրենց բնակարանում նշել են մոր ծնունդը, և բոլոր մասնակիցները՝ եղբայրը, քույրը, նրա ամուսինն ու երեխաները, մորաքույրն ու մորեղբայրը արդեն հաջորդ օրերին սկսել են իրենց վատ զգալ։

«Ծնունդ ասած՝ զուտ հավաքվել ենք էդքանս, շատ մարդ չի եղել, մենք՝ երևի 8 հոգի ընդհանուր, ու 13-ին, ինձնից հետո որ մամայենք ջերմում են, մյուս օրը բոլորով ջերմում են», - «Ազատությանը» պատմեց Լուսինե Նազարյանը՝ շարունակելով. - «Կարծում եմ՝ կարող է և մորաքույրս ինձնից էլ տարած լիներ այդ ամեն ինչը, բայց ամսի 9-ին մենք բոլորս լավ ենք եղել, իմ մոտ 10-ից են սկսվել միայն սիմպտոմները: Բարեկամներից տվյալ պահին քեռիս, մորաքույրս, քույրս և փեսաս, այո: Բայց ընդամենը մի հանդիպում է եղել այդ ընթացքում»:

Նազարյանը, սակայն, չգիտի, թե ինքն ումից է վարակվել։ Ենթադրում է՝ կամ դեղատանը, որտեղ աշխատում է, կամ էլ՝ բժիշկ մորից։

Լուսինեն թոքաբորբ ունի, գտնվում է սովորական հիվանդասենյակում, և երկու հարևանների համեմատ՝ նրա վիճակն ավելի լավ է։ Սկզբից ջերմել է, հետո՝ կորցրել համի զգացողությունը։

Նազարյանի 56-ամյա մայրը բուժվում է նույն հիվանդանոցում, բայց վերակենդանացման բաժանմունքում է։ Մայրը թեև խրոնիկ հիվանդություններ չունի, բայց դա չի խանգարել, որ վիրուսը կնոջ մոտ թոքաբորբ զարգացնի։

«Քանի որ արդեն չորս օր էր՝ մայրս ջերմում էր՝ 38-ից 39 մինչև ամբողջ օրվա մեջ, տեղափոխեցին հիվանդանոց՝ Օրթոպեդիկ հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք, քանի որ ծանր էր: Միանգամից այնտեղ, որովհետև ծանր էր վիճակը, զուտ բարձր վերահսկողության համար», - նշեց Լուսինեն:

Նազարյանը պատմում է, որ պոլիկլինիկաներից մեկում աշխատող, այժմ վերակենդանացման բաժանմունքում վիրուսից բուժվող մոր գործընկերն օրերս մահացավ։ Մահացել են նաև մոր գործընկերոջ ընտանիքի անդամները։ Ճիշտ է, մայրն ուղղակի շփում չի ունեցել այդ գործընկերոջ հետ, բայց նույն վայրում աշխատելը հավանաբար դարձել է վարակի տարածման պատճառ։

«52 տարեկան տղամարդ էր, ուղեկցող հիվանդություններ չուներ, ճիշտն ասած, երկու-երեք օրվա մեջ, շատ ծանր վիճակում էր, ու մահացավ: Ինքը, մայրը, իր մորաքույրը և քույրը: Երեք հոգին մահացան հինգ օրվա կտրվածքով, ճիշտն ասած, իսկ քույրը չգիտեմ էս պահի դրությամբ ինչպիսի վիճակում է, բայց մինչ այդ սարքավորումների տակ է եղել, դրական դինամիկա ասում են կա, բայց, ամեն դեպքում, ինքը չգիտի, որ իր ընտանիքի անդամները այլևս չկան», - պատմեց Լուսինե Նազարյանը:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում բուժվող Լուսինեն ասում է՝ թոքաբորբ էլի է ունեցել, բայց՝ ոչ այսպիսի զգացողություններով։

«Պարզ երևում է, որ կորոնավիրուս ասվածը տարբեր է մնացած թոքաբորբերից՝ սիմպտոմները տարբեր են, զարգացումն այլ է, գուցե արագ է զարգանում, գուցե յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է զարգանում, բայց, ամեն դեպքում, հաստատ կա», - ասաց նա:

Չնայած կորոնավիրուսի դեմ պաստվաստանյութ դեռ հայտնաբերված չէ, աշխարհը ցնցած այս հիվանդության դեմ բժիշկները պայքարում են այլ դեղամիջոցներով։

«Երկու տեսակի անտիբիոտիկ ենք ստանում՝ կաթիլային և խմելու տեսքով արդեն, դա՝ անտիբիոտիկները, հակավիրուսային ենք ստանում, արյան մակարդելիությունը կարգավորող, արյան շրջանառությունը կարգավորող ներարկում, վիտամին C և ստամոքսի պաշտպանիչ դեղորայք, որպեսզի այս ամենը չազդի մեր վրա», - փոխանցեց Լուսինեն՝ շարունակելով. - «Ես ինքս առաջին իսկ օրվանից դրական դինամիկա իմ վրա տեսնում եմ: Ջերմություն, ճիշտն ասած, չեմ ունեցել՝ երեք, այսօր չորրորդ օրն է՝ այստեղ եմ, դեռ չի լրացել չորս օրը, մի երկու անգամ եմ ընդամենը ջերմել՝ 37.2, մաքսիմում 37.5 երեկ ընդամենը մի պահ»:

Նազարյանը ևս հետևում է համացանցում քննարկումներին, թե վիրուս չկա, այն հորինված է, և որ խրոնիկական հիվանդություններ ունեցող տարեցներն այսպես թե այնպես պետք է մահանան։ Վստահ է, որ այդպես մտածողների շրջանում էլ կան վարակվածներ, որոնք այդ մասին իմանալուց հետո փոխում են իրենց տեսակետը:

«Ուղղակի հեշտ է կողքից խոսել, հեշտ է ենթադրություններ անել՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում ներսում, պետք չի նման հայտարարություններ անել ու մարդկանց մեջ վատը սերմանել, իսկապես պետք չի: Չգիտեմ ինչպես են մտածում, էլի, նման մարդիկ, գուցե պատկերացում չունեն ինչի մասին է խոսքը, դրա համար են սենց ամպագոռգոռ հայտարարություններ անում, որ չկա, որ միայն թույլ օրգանիզմով կամ հիվանդություններով մարդկանց է սա կպնում, վարակվում են, ծանր վիճակում են լինում, վերջում էլ մահանում են: Դե, եթե տարածված է, համատարած է սա, բնականաբար, մահեր կգրանցվեն՝ գուցե այն մարդկանց մոտ, ով շատ ուշ է դիմել, ով շատ ավելի խնդիրներ ունի, մեկից ավելին, գուցե նրանց մոտ իմունիտետի շատ ցածր լինելու պատճառով», - ասաց Լուսինե Նազարյանը:

XS
SM
MD
LG