Մատչելիության հղումներ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել է ավելի քան 28 մլն դրամ. 3 անձ հետախուզվում է


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28 միլիոն դրամ առերևույթ հափշտակելու մի շարք հանգամանքներ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով նույն բանկի հաճախորդներ և քարտապաններ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2019 թվականի հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց ընթացիկ հաշվեհամարներից առցանց տարբերակով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, ինչից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին: Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, իսկ նրանցից մեկը կանխիկացնելու փորձ է կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի («Հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ») 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34(հանցափորձ)-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած հնարավոր հանցակիցներին ու առնչություն ունեցող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG