Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը, առանձնազրույցը


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցության համար:

«Ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա», - ասել է Արցախի նախագահը:

Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով:

«Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ, և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի», - հայտարարել է Փաշինյանը:

«Միանշանակ համակարծիք եմ, պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ, և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ», - ընդգծել է Արցախի նախագահը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Մեկ այլ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում են ունեցել Արցախի և Հայաստանի բանկային համակարգների ներկայացուցիչների հետ, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր:

Այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կայացել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հանդիպումը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG