Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Իրավիճակը շատ լուրջ է


«Եթե այսօր մենք ունենք 5 հազար 600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում 15 օր հետո կունենանք 11 հազար 200 դեպք։ Եվ մեր խնդիրն է այդ թափը կոտրել», - Կառավարության նիստից հետո այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով՝ անցնելով 5 հազար 600-ը։ Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս երեք դեպք։ 64, 65 և 90 տարեկան տղամարդիկ, ըստ Առողջապահության նախարարության, ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 70-ի։ Անցած օրվա ընթացքում բուժվածները 162-ն են, իսկ բուժվողներն այս պահին 2 հազար 928-ը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանող Թորոսյանը չբացառեցՀայաստանում իտալական կամ իսպանական սցենարի կրկնությունը՝ մահվան թվերի կտրուկ աճ, եթե չհաջողվի զսպել վարակի տարածման տեմպերը։

Իսկ նախարարը չի թաքցնում, որ տարածման առումով ամեն ինչ չէ, որ վերահսկելի է․ - «70 մահ է լինում երկրում, պատկերացրեք, լիներ 120 մահ, 150 մահ կամ 200 մահ օրեկան։ Նման սցենարը բացառված չէ, եթե մենք չկարողանանք զսպել վարակի տարածումը»։

Ծանր ու ծայրահեղ ծանր վարակակիրների թիվը, ըստ Թորոսյանի, աճում է, իսկ վերակենդանացման բաժանմունքների ռեզերվները մեծ չեն։ Կորոնավիրուսով հիվանդների համար վերակենդանացման բաժանմունքներում 203 մահճակալ է առանձնացված․ ըստ Թորոսյանի, այս պահին դրանց գրեթե երկու երրորդը՝ 131-ը զբաղված է․ - «Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացների թիվը 15 է։ Այսինքն՝ դեպքերի թվի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը»։

Մինչև այժմ ամենամեծ թվով թեստերը արվել են երեկ՝ 1751։ Բայց բոլոր հայաստանցիները, հայտարարեց Առողջապահության նախարարը, չեն թեստավորվելու․ միայն ցուցում լինելու պարագայում։

Կառավարությունն այս պահին առաջնահերթ է համարում ծայրահեղ ծանր, ծանր ու միջին ծանրության քաղաքացիներին բուժօգնություն տրամադրելը։ Թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսով վարակվածները վաղվանից մեկուսացման վայրերից կուղարկվեն տուն։

Մոտ երեք հազար բուժվողների մեջ 23 հղիներ կան։ Նրանց կյանքին, նախարարի փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Վիրուսը թեթև են տանում երեխաները․ - «Ունենք հաստատված 270 մինչև 18 տարեկան քաղաքացի, որոնցից ընդամենը երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, և կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժողների բարձր աշխատավարձի մասին հարցին Արսեն Թորոսյանը կտրուկ արձագանքեց․ - «Կներեք, ցածր աշխատավարձի մասին լուրե՞ր պետք ա շրջանառվեին։ Բա մարդիկ իրենց առողջությունն ու կյանքը դրել են զոհասեղանին ու 24 ժամ աշխատում են։ Իհարկե նրանք պետք ա ստանան բարձր աշխատավարձ»։

Նախարար Թորոսյանը հարյուրավոր միլիոնների հասնող ծախսերից է խոսում միայն մինչև տարեվերջ հակահամաճարակային միջոցառումները կազմակերպելու համար․ - «Փաստացի ծախսը էս պահին, որ դուրս ա էկել պետական էդ հաշվի համարից, այսինքն վճարվել ա, կազմել ա ընդամենը 2,4 միլիարդ դրամ։ Եվ ես սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, կատաստրոֆիկ փոքր թիվ։ Որովհետև տարբեր գնահատականներով, մեր երկրին էս գործողությունների համար անհրաժեշտ է լինելու մոտավորապես մինչև տարվա վերջ 300 միլիոն դոլար»։

Կառավարության այսօրվա նիստն էլ մեկնարկեց համավարակի մասին վարչապետի հայտարարությամբ․ - «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»։

Սահմանափակումները մեղմացրած իշխանությունները չեն բացառում, որ տարածման տեմպերը պահպանվելու դեպքում կարող է վերադարձ լինել նաև կարանտինային խիստ ռեժիմի։ «Կարանտին առանց կարանտինի», այս փուլում սա է որդեգրած քաղաքականությունը, ասաց վարչապետը։

Նա կարևորեց անհատական պատասխանատվությունը նոր ցնցումների առաջ չկանգնելու համար։ Ոստիկանության ու տեսչական մարմինների հսկողության ավելի խիստ անհրաժեշտություն տեսավ։

Սոցիալական հեռավորությունը պահպանելուց բացի, Կառավարության այսօրվա նիստն առաջինն էր, երբ Փաշինյանի ղեկավարած կաբինետի բոլոր անդամները նույնիսկ խոսելիս էին դիմակ կրում։

«Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված, նաև սոցիալական ցանցերում, թե եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Եվ մենք պետք է ապահովենք, որ նաև պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել մարդիկ միայն այն ժամանակ, երբ որ իրենց աշխատասենյակներում միայնակ են», - նշեց Փաշինյանը։

Առողջապահության նախարարը, ի դեպ, այսօրվա ասուլիսում չբացառեց, որ դիմակ կրելը պարտադիր լինի մեկ-երկու տարի․ - «Կարծում եմ, որ շատ ավելի մատչելի ա օրական մեկ-երկու դիմակ կրելը, գնելը 200 նույնիսկ դրամով, ինչը իհարկե շատ բարձր գին ա, քան թե, օրինակ, 14 օր հիվանդանոցում անցկացնելը անհայտ ելքով, հաճախ նաև, դժբախտաբար, մահվան»։

XS
SM
MD
LG