Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա. փոխվարչապետ


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

«Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա, իսկ ինչ վերաբերում է Պուտինի առաջարկությանը, թե գազը կարող է էժանանալ, եթե ԵԱՏՄ երկրները անցնեն մեկ բյուջեի և հարկահավաքության միասնական համակարգի, ապա այս պահին Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չեն ինտեգրացիայի նման աստիճանի», - այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։ Հայտը դեռ ուսումնասիրվում է։

«Սա կանխատեսում է, որովհետև ես իրավասու չեմ վերջնական լուծումների, նույնիսկ լուծումների նախագծի մասին քննարկել կամ խոսել, բայց այնուամենայնիվ, կա պոտենցիալ պրոբլեմի չափ և կա այդ պրոբլեմի լուծման հնարավորությունների գործիքակազմ։ Եվ տպավորություն ունեմ, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ շրջանակում բնակչության համար գազը չթանկանա ընդհանրապես։ Սա համարեք տպավորություն կամ կարծիք, որովհետև կոռեկտ չի լինի, որ ես հիմա խոսեմ լուծումների մասին։ Բայց այն պոտենցիալ չափը, որը հայցվում է այսօր Հայաստանի «Գազպրոմի» կողմից և այն մասսան, որի մեջ այդ պոտենցիալ չափը պետք է բաշխվի, հնարավորություն է տալիս բազմաթիվ լուծումների, այդ թվում մի լուծման, որի պարագայում բնակչության վրա ուղղակի ազդեցություն չի լինի», - նշեց փոխվարչապետը։

«Ազատություն»․ - Իսկ տնտեսվարողների պարագայո՞ւմ։

Գրիգորյան․ - Իսկ տնտեսավարողների պարագայում, նույնպես կարծիք-տպավորություն՝ այդ փոփոխությունը չի լինի կրիտիկական, կամ չի լինի այնպիսին, որը կազդի ինքնարժեքի վրա էականորեն ու կհանգեցնի գների թանկացման։

Ըստ փոխվարչապետի, այսօր Հայաստանի դիրքորոշումն է, որ ԵԱՏՄ ներսում գազի տարացման և մատակարարման սակագները լինեն մաքսիմալ միասնական, քանզի եթե միությունում գազի գինը տարբերակվում է, ապա այն երկրների ապրանքները, ուր գազը էժան է, ավոտամատ առավելություն են ստանում միության անդամ մյուս երկրների ապրանքների նկատմամբ, ուր գազը թանկ է։ Արդյունքում հայաստանյան ընկերությունների համար դժվար կամ անհնարին կդառնա իրենց արտադրանքը վաճառել ԵԱՏՄ-ում։

Գրիգորյան․ - Իրականության մեջ ԵԱՏՄ երկրների համար միասնական սակագին (այդ թվում տարանցման և մատակարարման) սահմանելու հետ կապված, ես կարծում եմ, ռուսական կողմը կոմպրոմիսի տեղ ունի և դրա մասին հայտնել է քննարկումների ընթացքում։ Ոչ պաշտոնապես, բայց աշխատանքային քննարկումների ժամանակ հնչել է նման դիրքորոշում, որ կոմպրոմիս կարող է լինել այդ հարցի շուրջ։ Բայց բուն հարցի էությունը կայանում է հետևյալում․ որ ռուսական կողմը իր մոտ ունի մեկ սակագին, իսկ մնացած երկրների համար՝ միասնակա՞ն, թե՞ բոլոր հինգ երկրները, այդ թվում Ռուսաստանը, ունեն միասնական սակագին։ Սա՝ հարթություն համար մեկ։ Սա շատ կարևոր հարթություն է, որովհետև այն, ինչը մերժվեց, ոչ թե միասնական սակագինը մերժվեց՝ որպես բովանդականություն ռազմավարական, այլ միասնական սակագինը բոլոր հինգ երկրների համար մերժվեց։ Որովհետև, այո, Ռուսաստանը, ինչպես հայտարարվեց, գտնում է, որ ինքը իր ներքին սակագնային պլանը կառաջարկի նույնությամբ մնացած այլ երկրներին, եթե վստահ լինի, որ մրցակցության ապահովման ամբողջ գործիքակազմը աշխատում է, ինչը նշանակում է ավելի խորը ինտեգրացիա։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։ Ավելի պարզ փորձեմ ասել․ ռուսական կողմը ասում է, օրինակ՝ եթե ես սահմանում եմ միասնական ներքին և արտաքին սակագին, ԵԱՏՄ-ի սակագինը դառնում է Ռուսաստանի ներքին սակագինը, ապա մանյովրներ կսկսվեն, օրինակ, հարկերի մասով։ Այդ դեպքում, եթե իրոք դա լինի միասնական հավասար սակագին, կարելի է, օրինակ, ավելացված արժեքի հարկի միջոցով մրցակցային առավելություններ ստանալ։ Դրա մասին էր խոսքը։

«Ազատություն»․ - Հայաստանի կառավությունը պատրա՞ստ է ավելի խորը ինտեգրացի։ Գազի շուրջ երբ որ բանակցում եք, պատրա՞ստ եք արդյոք Դուք՝ որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ։ Հայաստանը արդյո՞ք պատրաստ է միասնական բյուջեի, միասնական հարկահավաքման համակարգի։

Գրիգորյան․ - Ես կարծում եմ, այս պահին՝ ոչ։ Եվ մի կողմ դրած սուվերենության հետ կապված հարցերը, որտեղ, իհարկե, պատասխանը ակնհայտ է, բայց այստեղ կա նաև ուրիշ խնդիր։ Իսկ միությունը ինքը պատրա՞ստ է գործնական իմաստով գալ միասնական, խորը ինտեգրացված կանոնների։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև դա բավականին բարդ, երկարատև և ծանր աշխատանք է։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ աշխատանքը կատարվել է որպես փորձ Եվրամիության կողմից, բայց Դուք էլ, ես էլ տեսնում ենք, թե ինչքան պրոբլեմներ է դա պարունակում, և ինչքան խորը ու մտածված պետք է քննարկել։ Ի դեպ, ոչ մեկը չի ժխտում, որ դա պետք է խորը քննարկել։ Բայց պատրաստ լինելու մասին այս պահի դրությամբ, այս ելակետային պայմաններում իհարկե խոսք չի կարող լինել։

«Ազատություն»․ - Դուք նաև ինքնիշխանության խնդիր եք տեսնում այստեղ։

Գրիգորյան․ - Չի կարող չլինել նման խնդիր։ Այդ տիպի հարցերում չի կարող չլինել ուղղակի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG