Մատչելիության հղումներ

Ոլորտի մասնագետները կանխատեսում են՝ անշարժ գույքի գներն առաջիկա ամիսներին հնարավոր է 10 տոկոսով նվազեն


Առաջիկա ամիսներին կորոնավիրուսի համավարակի հետևանքով անշարժ գույքի գները հնարավոր է 10 տոկոսով նվազեն, կանխատեսում են ոլորտի մասնագետները։ Համավարակի հետևանքներն արդեն իսկ տեսանելի են անշարժ գույքի շուկայում:

«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նշեց. «25-30 տոկոս պահանջարկի անկում կարձանագրվի, բայց արժեքային մասով, ասենք, մինչև 10 տոկոս, ենթադրենք, ոչ ավելի»։

Վիճակագրությունն է փաստում՝ արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում տների, բնակարանների առք ու վաճառքի, վարձակալության գործարքները զգալի նվազել են։ Այս տարվա ապրիլին շուրջ 82 տոկոսով ավելի պակաս գործարք է իրականացվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում:

Կադաստրի կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետ Աննա Նազարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Բավականին զգալի գործարքների նվազում ունեցանք, դա պայմանավորված է արտակարգ դրությամբ, բայց այստեղ կարևոր է նաև նշել այն փաստը, որ մեր գրասենյակները չեն աշխատել, չնայած որ Կադաստրի կոմիտեի կողմից վերագործարկվել է մեր էլեկտրոնային հարթակը, որի միջոցով կարող էին ներկայացնել դիմումներ, պատասխաններ ստանալ, ինչպես նաև ավարտական փաստաթղթեր և այլն: Քանի որ դա նոր գործիք է, գործարկել ենք մոտավորապես մարտի սկզբին, բնականաբար, հասարակ քաղաքացիների համար դա որոշակի բարդույթներ էր ստեղծում»:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ մյուս գործոններից զատ, գործարքների նվազման վրա ազդել է նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած անորոշ իրավիճակը։

«Եթե նախկինում տարբեր սուբյեկտներ որոշած էին այս կամ այն գործարքն անել՝ առք ու վաճառք հիմնականում, վարձակալություն, բնականաբար, այս իրավիճակում փորձելու են վճիռները հետաձգել, սպասել, երբ կայունանա իրենց իրավիճակը, հետո իրենց գործարքները անել», - ասաց Ասատրյանը:

Տնտեսագետը համոզված է՝ անշարժ գույքի առք ու վաճառքի ծավալներն արդեն հաջորդ ամիսներին կտրուկ չեն նվազի, անգամ տնտեսական անկման պարագայում։

«Գլոբալ իմաստով, եթե մենք անգամ ունենանք տնտեսության անկման 2009 թվականի ծավալները, անշարժ գույքի շուկայում նման՝ էդ 2009-ի սցենարը չի կրկնվելու: Ես ուզում եմ հիշեցնել, որ դրան նախորդած շրջանում 2009-ին տնտեսական աճի հիմնական գործոնը եղել է անշարժ գույքի շուկայի ակտիվ զարգացումը և մասնավորապես՝ բնակարանների շինարարությունը», - նշեց Բագրատ Ասատրյանը:

Անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչներն արդեն կորոնավիրուսի հետևանքով իրենց կրած վնասներն են հաշվում. շուրջ երկու ամիս տևած սահմանափակումները զգալի բացասական ազդեցություն են ունեցել գործակալությունների վրա։ Կառավարության տնտեսական օժանդակությունները բավարար չեն համարում նույն անշարժ գույքի շուկայի համար, դրանք համարելով կոսմետիկ բնույթի։ Ոլորտի վերականգնման համար, ըստ «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի, անհատական մոտեցում է անհրաժեշտ։

«Կապ չունի, եթե 25 տարի դու բարեխիղճ աշխատել ես, ժամացույցի նման հարկերը վճարել ես, դու նույն շկալայի մեջ ես, ինչ որ որը ենթադրենք վեց ամիս առաջ է բացվել ու նույնիսկ անբարեխիղճն է վճարել, երկուսի պատասխանն էլ նույնն է, նույն մակարդակի է: Դա ցավալի է, որովհետև պետությունը նույնպես գործընկեր է դիտարկվում», - ասաց Բաղդասարյանը:

Չնայած ապրիլին գրանցված անկումը, Կադաստրի կոմիետում արդեն արձանագրում են՝ վերջին օրերին դրական տեղաշարժը նկատելի է։

«Գործարքների քանակի աճ եմ ես նկատում, հետևում եմ ընթացքին դիմումների: Այսօր դեռ մայիսի 20-ն է, սակայն արդեն իսկ բավականին դրական միտումներ կան, գործարքների քանակն աճել է ակնհայտ», - նշեց Աննա Նազարյանը:

Դրական տեղաշարժն, ի դեպ, պահպանվել է անգամ մարտին, երբ արդեն սահմանափակումներ էին մտցվել, իսկ ընդհանուր շուկայի համար տարին ինչպիսի՞ն կլինի, կոմիտեում չեն շտապում գնահատականներ տալ, միայն անցած տարվա ցուցանիշներն են բերում՝ 2009-ից վեր 2019-ին աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվել. անշարժ գույքի առք ու վաճառքի ավելի քան 51 հազար գործարք է իրականացվել։ Հույս ունեն՝ դինամիկան որոշակի առումով կպահպանվի նաև այս տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG