Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն հայտնաբերել է մոտ 188 միլիոն դրամի խախտում


Լուսանկարը՝ ՊՎԾ-ի

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052 - Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցիN 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները:

ՊՎԾ-ն հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում:

Համաձայն հաղորդագրության, վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում: Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ:

«Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր», - նշված է հաղորդագրությունում:

Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն:

Ըստ կառավարության որոշման, Ընկերության սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիր մինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել:

ՊՎԾ-ն հայտնում է, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ:

Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր:

Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել: Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկ շենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3 հազար դոլար:

Տեղեկանքն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG