Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ անդամ երկրների միջև տարաձայնություններ են առաջանում


ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովը, 19-ը մայիսի, 2020թ.

Տարաձայնությունները նախ և առաջ կապված են գազի գնի հետ: «Պուտինը հետ մղեց Բելառուսի և Հայաստանի գազային գրոհը», - գրել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Հայաստանի և Բելառուսի ղեկավարները միավորել էին իրենց ջանքերը, որպեսզի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության ծրագրում «ոչ խտրական» մոտեցում արձանագրվի՝ գազի փոխադրման և տարանցման միասնական սակագին սահմանվի՝ անկախ ծագման երկրից: Բայց երեկ կայացած ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը մերժել է Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը: Նա ասել է, թե այդ կետը կարող է հանվել ռազմավարության ծրագրից, որպեսզի չխոչընդոտի փաստաթղթի ընդունումը: Ռուսաստանի նախագահն ասել է, որ գազի միասնական սակագին կարելի է մտցնել, եթե հասնեն ինտեգրման որոշակի մակարդակի՝ միասնական շուկա, միասնական բյուջե, միասնական հարկային համակարգ: Այլ կեպ ասած՝ սկզբում՝ խորը ինտեգրում, հետո՝ գազի գին:

Պուտինի խոսքով՝ գնագոյացման հարցում Ղազախստանն ու Ղրղըզստանը պաշտպանում են ներկայիս պայմանները: Սակայն դա այքան էլ ճիշտ չէ: Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն իր ելույթում ասել է, թե անհրաժեշտ է ոչ խտրական մոտեցումներ ցուցաբերել գազի տարանցման սակագնի հարցում: Իսկ հեռավար գագաթնաժողովի նախօրեին Ղրղըզստանը դիմել էր Մոսկվային՝ խնդրելով էժանացնել մատակարարվող գազը, որի գինը հիմա հազար խորանարդ մետրի համար 150 դոլար է: Բելառուսը վճարում է 127 դոլար, ամենաթանկը վճարում է Հայաստանը՝ 165 դոլար, բայց սա՝ միայն սահմանին, «Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի բաժանորդներին գազը վաճառում է գրեթե կրկնակի թանկ: Պայմանագրերը «Գազպրոմ»-ի հետ կնքել են նախկին իշխանություններն ու հպարտանում էին, թե կայուն գազամատակարարում են ապահովել:

ԵԱՏՄ գագաթնաժողովը պլանավորված էր Մինսկում, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, որ Լուկաշենկոն ցանկանում էր նորմալ գագաթնաժողով անցկացնել, բոլորին հրավիրել էր Բելառուս, կնստեին, կխոսեին, բայց կորոնավիրոսի համավարակի պատճառով նրա պլանները խառնվեցին: Ըստ թերթի՝ Հայաստանի և Ղազախստանի ղեկավարները դեմ չէին Բելառուսում հավաքին, բայց Ռուսաստանի նախագահը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկար ժամանակ դուրս չի գալիս Մոսկվայի մոտ գտնվող Նովո-Օգարյովոյի նստավայրից: Կարանտինի ամբողջ ընթացքում Պուտինը միայն մայիսի 9-ին է կարճ ժամակով Մոսկվա գնացել՝ Հաղթանակի տոնը նշելու համար: Ռուսաստանի ղեկավարը բոլոր հանդիպումները, խորհրդակցությունները ինտերնետային կապով, առցանց է անցկացնում:

Գազի տարանցման միասնական սակագնից բացի, ԵԱՏՄ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անհանգստություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ցանկանում է իր վրա վերցնել ազգային մարմինների լիազորությունների մի մասը, մասնավորապես՝ միջամտել անդամ երկրների առողջապահության, կրթության և գիտության հարցերին: Բացի այդ, եթե ԵԱՏՄ անդամ որևէ երկիր բանակցություններ է վարում որևէ երրորդ պետության հետ, Եվրասիական հանձնաժողովը ցանկանում է մասնակցել դրանց: «Ի՞նչ իրավունքով», - դժգոհել է Տոկաևը:

Ղրղըզստանի նախագահն ասել է, որ իր երկիրն անընդհատ առևտրային պատերազմի մեջ է հարևան Ղազախստանի հետ, ու խնդիրները հիմա ավելի են սրվել համավարակի պատճառով: Ժեենբեկովն առաջարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ դատարան դիմելու լիազորություն շնորհել, որպեսզի առևտրային արգելքները չվերացնելու դեպքում պատժամիջոցներ սահմանվեն:

Սոորոնբայ Ժեենբեկովն ասել է, թե մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ռազմավարության զարգացման ծրագրում գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում համատեղ կոնկրետ ծրագրեր չի տեսնում: «Մենք այդ մասին շատ ենք խոսում, բայց նկատելի արդյունքներ չկան», - ընդգծել է Ղրղըզստանի նախագահը:

ԵԱՏՄ ռազմավարության զարգացման ծրագրի նախագծում ավելի քան 300 կետով շարադրված են անդամ հինգ երկրների ինտեգրման մեխանիզմները, նախատեսվում է միջազգային 13 համաձայնագրի ստորագրում, ԵԱՏՄ ավելի քան վեց տասնյակ իրավական-նորմատիվ ակտերի, ինչպես նաև միության պայմանագրում 25 փոփոխությունների և լրացումների ընդունում:

XS
SM
MD
LG