Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկն արդեն խոստումնալից արդյունք է տվել


ԱՄՆ - Moderna-ի շենքը Քեմբրիջում, Մասաչուսեթս, 18-ը մայիսի, 2020թ.

Ամերիկյան Moderna ընկերությունը երեկ հայտարարել է, թե նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական ու խոստումնալից արդյունքներ է տվել կլինիկական փորձարկումների առաջին փուլում:

Նորարարական պատվաստանյութի փորձարկմանը մասնակցել են մոտ հինգ տասնյակ կամավորներ: Նրանցից առնվազն ութի օրգանիզմում ի հայտ են եկել հակամարմիններ, որոնք հայտնաբերվում են COVID-19-ից առողջացածների մոտ:

Փորձարկումների հաջորդ փուլում, որը կանցկացնի արդեն Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտը, գիտնականները պետք է որոշեն `որն է պատվաստանյութի լավագույն ու օպտիմալ չափաքանակը: Դրանից հետո` հուլիսից արդեն կսկսվի փորձերի առավել լայն ու համապարփակ փուլը:

Մասաչուսեթսում գործող ընկերության համահիմնադիրներից մեկը` ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, ավելի վաղ «Ազատության հետ բացառիկ հարցազրույցում հույս էր հայտնել, որ աշնանը կհաջողվի անցնել փորձերի երրորդ` վերջին փուլին։ «Արդեն բավական ապացույցներ ունենք, որոնք հուսադրում են, որ հաջողության կհասնենք», - ասել էր նա:

XS
SM
MD
LG