Մատչելիության հղումներ

Ռուսաստանից դեպի Հայաստան կանոնավոր չվերթներն արդեն մեկնարկել են


Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ

Արդեն մեկնարկել են Ռուսաստանից դեպի Հայաստան կանոնավոր չվերթները, այսօր ժամը 19:25 ակնկալվում է Սոչի-Երևան չվերթը։

Չվերթների իրականացման մասին անցած շաբաթ խոսեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Մայիսի 15-ից սկսած իրականացվող կանոնավոր չվերթներով Ռուսաստանից Հայաստան է եկել ավելի քան 450 քաղաքացի։ Միայն 229-ը Երևան են ժամանել երկու օր առաջ՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, «Ռեդ Վինգս» ընկերության օդանավով։

Նրանցից մեկն է Արտակ Մարուքյանը, ով առողջական խնդիր ունի՝ ոտքն է կոտրել։ Հիվանդանոցից դուրս է գրվել, Մոսկվայում վարձով ապրել 15 օր, հիմա արդեն տանն է՝ Վանաձորում։

«Շատ արագ դիմավորեցին, ստուգեցին, ինձ անձնական մեքենա տրամադրեցին և տեղափոխեցին Վանաձոր», - «Ազատությանը» փոխանցեց Մարուքյանը:

Նկատենք, պարետատան պահանջով՝ արտերկրից վերադարձածները պետք է ինքնամեկուսանան, այսինքն՝ սեփական միջոցներով սահմանափակեն իրենց շփումներն արտաքին աշխարհի հետ։ Արտակ Մարուքյանն ասում է՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում օրենք խախտել չի կարող. - «Թող տանն եղնեմ, ասենք, ինքս ինձ մեկուսացնեմ, էլի, տնային պայմաններում, որ դուրս չգամ, ոչ մեկի հետ չշփվեմ: Դե տակ ի տակ, որ ոտքս կոտրած ա, ես չեմ էլ կարա որ դուրս գամ»:

Ռուսաստանում ուղեղի կաթված ստանալուց, մեկ ամիս սպասելուց հետո նույն չվերթով Երևան է վերադարձել 54-ամյա Ալեքսան Խաչատրյանը։ Նրա փոխարեն դուստրը՝ Լուսինեն էր պատմում, թե ինչպես են դիմավորել, ճանապարհել և ինքնամեկուսացման պահանջ ներկայացրել հորը. - «Մեզ չթողեցին օդանավակայանում իրենց դիմավորենք, մեզ ասացին, որ հասցեներով տան: Մենք եկանք տանն իրեն սպասեցինք, բայց փաստորեն ուղղակի իրենց 3 կիլոմետր հեռավորության վրա իջեցրել էին ավտոբուսից, մենք էդ ամեն ինչը չիմանալով, ինքն էլ ծանրություն բացարձակ չի կարողանում վերցնել՝ դե ինսուլտ է տարել, մենակ էդ մի խնդիրը եղավ»:

Հարցին՝ ինչպե՞ս են կազմակերպել խնամքի կարիք ունեցող հոր ինքնամեկուսացումը, Լուսինե Խաչատրյանն արձագանքեց. - «Հա, հասկանում ենք, մենք, էսպես ասած, ոչ մեկի հետ ոչ մի շփում չունենք: Մի հոգի ունենք տանից, որ դուրս է գալիս, առևտուր ու տուն, ուրիշ ոչ մի բան»:

Հարցին էլ՝ իրենց զգուշացրե՞լ են, որ եթե խախտեն ինքնամեկուսացման պայմանները, ինչ է սպասվում՝ տուգանք և այլն, նա պատասխանեց. - «Պետք է մնա ինքնամեկուսացման ռեժիմում, բայց, ասենք, որ ինչ-որ էդպես բաներ են ասել՝ չէ»:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից «Ազատությանը» հայտնեցին, որ դեպի Հայաստան հաջորդ չվերթներն ակնկալվում են մայիսի 23-ին՝ Կրասնոդարից, մայիսի 25-ին՝ Մոսկվայից, մայիսի 27-ին՝ Սանկտ Պետերբուրգից։

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, որ այս օրերին մոսկովյան օդանավակայանում է, «Ազատությանը» փոխանցեց մի տեսանյութ, որտեղ տեսնում ենք՝ «Դոմոդեդովո»-ում դեռ մեր հայրենակիցներից շատերն անհամբեր սպասում են իրենց հերթին, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը հորդորում է նրանց ավելի համբերատար լինել։

«Ամեն էս մի թռիչքը կազմակերպելու համար հատուկ թռիչքի թույլտվություն ենք ստանում իրենց կառավարությունից, որովհետև փակ է, օրը հինգ հատ մեզ ոչ ոք թույլտվություն չի տալու, որովհետև կառավարության որոշումով փակ է: Իսկ մեր երկրում՝ արտակարգ դրության հետ կապված, էդքան մարդ միանգամից ընդունելը հնարավոր չի, որովհետև պանդեմիա է, հիվանդություն է», - ասում է Ղազարյանը:

Ի դեպ, ոչ միայն օդով, այլ նաև ցամաքով հայրենիք վերադառնալ ցանկացողներն են շատ։ Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Նախարարությունը, սակայն, տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

«Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ այստեղ մնացած մարդիկ կտրականապես հրաժարվում են նախարարության առաջարկած օգնությունից, այն է՝ առնվազն երեխաների, կանանց անվճար տեղափոխումը Հայաստան՝ «պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»: ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»:

XS
SM
MD
LG