Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ում դեռ տասնյակ հայաստանցիներ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին


Ռուսաստան - Հայաստանցիներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ապրիլ, 2020թ.

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեռ տասնյակ հայաստանցիներ կան, որ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին։ Ասում են՝ դեսպանատան առաջարկած հյուրատներ չեն ուզում տեղափոխվել, որ իրենց հերթը արագ հասնի՝ օր առաջ տուն վերադառնան։

Նոր կորոնավիրուսի պատճառով Հայաստան-Ռուսաստան չվերթները ևս դադարեցված են։

«Մարդիկ այ սենց, ամենքը՝ մի տեղ, էս էլ երևի չորրորդ օրը, ու կեսն էլ մյուս զալում են, քանի որ երեկ միլիցաները ասեցին, որ «առանձնացեք, իրար գլխի չհավաքվեք», որ, նու, վիրուսի պահով: Առանձնացել ենք, կեսը ստեղ են, կեսը էն վերջերն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոստյա Անանյանը՝ ցույց տալով օդանավակայանում հանգրվանած հայրենակիցներին։

Նրա փոխանցմամբ՝ նախօրեին փորձել են իրենց դուրս հանել օդանավակայանից. - «Մոտեցան, ասեցին՝ «պտի լքեք տարածքը», «ի՞նչն ա խնդիրը» ասեցինք, քանի որ իրավունք չունեն մեզ ստեղից հանելու, մենք լսել էինք, որ իրավունք չունեն, քանի որ մենք լրիվ օրենքները, մենք ստեղ ոչ մեկին չենք խանգարում, ու, ասենք, աշխատողներն էլ, նու, ստեի միլիցաները, ջոկում են, որ մենք, ասենք, նորմալ ենք մեզ պահում, ոչ մի լիշնի [ավելորդ] բան չենք անում»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ բազմիցս են հորդորել չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել իրենց առաջարկը՝ տեղափոխվել հյուրատներ և այլ կացարաններ։ Բայց ապարդյուն՝ օր առաջ հայրենիք վերադառնալ շտապող քաղաքացիներն անդրդվելի են։

«Մշտապես, միշտ հորդորում ենք մեր քաղաքացիներին, որ հրաժարվեն էն պրակտիկայից, որ հավաքվում են Դոմոդեդովոյի օդանավակայանում և անորոշ վիճակում սպասում են: Առաջին հերթին իրենք իրենց են վտանգում: Երկրորդը՝ եթե չվերթներ կազմակերպվի, ապա մենք տեղեկացնում ենք, և հետո՝ մենք առաջնորդվում ենք մեզ դիմած քաղաքացիների կողմից նշված խնդիրների առաջնայնությունից, այսինքն՝ ցուցակները, որ հրապարակում ենք մեր Ֆեյսբուքի էջում, դա ընդամենը մեզ դիմած քաղաքացիների տվյալներն են, բայց ոչ՝ օդանավով թռչողների, որոնք պատրաստվում են», - ասաց Ջամբազյանը:

Դեսպանատան աշխատակիցը հավաստիացնում է՝ անում են առավելագույնը անելանելի վիճակում հայտնված հայաստանցիներին օգնելու համար։ Ասաց՝ իրենց այս պահի դրությամբ 2 հազար հայաստանցի է դիմել վերադառնալու համար։

Հրազդանի բնակիչ Սյուզաննան դիմածների շարքում է։ Դեսպանատան հորդորներն անտեսելով՝ արդեն երեք օր է ամուսնու և երեխայի հետ օդանավակայանում է գիշերում։ Այս կերպ ավելի հեշտ կհասնեն հայրենիք, կարծում է:

«Մենք չգիտենք ում դիմենք, մենք արդեն փողոցներն ենք հայտնվելու: Ես մի ամիս առաջ իրանց դիմեցի, ես գումարը ձեռս՝ ես իրանց ասեցի՝ «ինձ տոմս տրամադրեք, ես Յարոսլավլից եկել եմ հասել եմ ստեղ, որ ինձ օգնեք՝ ես գոնե Հայաստան վերադառնամ, ես ձեզանից ոչ փող եմ ուզում, ոչ էլ, ես փող ունեմ՝ ինձ տոմս տրամադրեք»: Իրանք ասեցին՝ «հերթագրվեք», հերթագրվել ենք, նորից զանգել ենք, որ՝ մեր հերթը ե՞րբ ա, ասել են՝ ձևափոխվել ա դիմումի ձևը: Նորից ուղարկել են, նորից մենք ձևակերպել ենք, ուղարկել ենք: Մենք ինչքա՞ն սպասենք: Մի ամիս ա՝ ես խնդրել եմ, որ տոմս առնեմ, չեն օգնել, հիմա եկել եմ՝ ծայրահեղ վատ վիճակ ա, ո՞ւր գնամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը, սակայն, ասում է՝ առաջնահերթություն են տալիս առողջական և ֆինանսական խնդիրներ ունեցողներին. - «Ուղարկել էինք առաջին հերթին էն մարդկանց, որոնց վիճակը ավելի ծանր է»:

Սյուզաննան, այդուհանդերձ, շեշտում է՝ ամուսինը կորցրել է աշխատանքը, վարձակալած տան տերն էլ դուրս է արել տնից՝ վարձը չմուծելու պատճառով, գնալու տեղ չունեն:

«Երեք օր է այդտեղ եք, հիգիենայի հարցերը ո՞նց եք լուծում», - «Ազատության» այս հարցին նա արձագանքեց. - «Չենք լուծում: Մարդիկ կան՝ շաբաթներով ստեղ... ոչ մի ձևով չենք լուծում: Ես էսօր իրանց, դեսպանատունը, իրանց ասեցի՝ մարդիկ կան՝ անսափրվել, ո՛չ լողանում են, ոչ մի բան չեն անում...»:

Սևանի բնակիչ Շողիկ Խուրշուդյանը, մինչդեռ, չի կարող երկար հետևել այս հորդորներին։ Ասաց՝ գնալու տեղ չունի. անցած դեկտեմբերից ռեստորանում էր աշխատում, այժմ անգործ է. - «Կիսատ-պռատ, սկի փող էլ չտվեցին: Մի ամիս էլ, ասում ա, հլը հաց եմ տվել, հլը էդ մի ամսվունն էլ սենց, տուդա-սյուդա, ու վերջ՝ հանեց քցեց դուրս»:

Մի քանի օր օդանակավայանում գիշերող Նարեկ Աղաջանյանն էլ ասում է՝ առավոտյան դեսպանատուն է գնացել, բայց իրեն չեն ընդունել։ Ավելին՝ իրեն տարածքից հեռացրել է ոստիկանությունը։

«Բայց ես գնացել եմ ընդեղ, ընդեղ մեզ դիմավորել ա ընդամենը անվտանգության աշխատակիցը, ասել ա՝ «ոչ մի բան չգիտեմ, չեմ կարա ասեմ», ասել եմ՝ «բա ո՞վ գիտի», ասում ա՝ «զանգի թեժ գիծ»: Զանգում եմ թեժ գիծ՝ նույն պատասխանը թեժ գծում են ինձ պատասխանում՝ ոչ մեկ չգիտի՝ ոնց կլնի: Ասում եմ՝ «գոնե, չգիտե՞ք, ես գնամ մի ամիս սպասեմ, տաս օր սպասեմ, թե մի տարի սպասեմ, թե՞ ինչ-որ լուծում կարա ըլնի», ասում ա՝ «չգիտենք, էդ էլ չգիտենք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Աղաջանյանը:

Դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը, մինչդեռ, պնդեց՝ նման տեղեկատվություն չունի, կրկին հորդորելով լքել օդանավակայանի տարածքն ու հետևել իրենց հաղորդագրություններին։

Օդանավակայանում գտնվողներին ապահովում են սննդով և հիգիենայի միջոցներով։

Սերյոժա Խաչատրյանն էլ 8 հայաստանցիների հետ միասին սեփական միջոցներով տեղավորվել է օդանավակայանին մոտ հյուրանոցներից մեկում։ Ասում է՝ փողի խնդիր չունեն, միակ խնդիրը հայրենիք վերադառնալն է։ «Մենք մեր գումարով՝ ամեն սենյակը, ամեն մի հոգին հազար ռուբլի ա՝ օրական», - ասաց Խաչատրյանը:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում սպասող հայաստանցիները պնդում են՝ Ռուսաստանում այլևս անելիք չունեն՝ աշխատանք չկա։

Մինչ օրս 7 չարթերային թռիչքներով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 1500 Հայաստանի քաղաքացի:

XS
SM
MD
LG