«Իրանի խորհրդարանը այսօր հաստատել է «Իսրայելին ցուցաբերվող հակազդեցության մասին» օրենքը», - հաղորդում է իսլամական հանրապետության պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:
Օրինագծով արգելվում է իսրայելական արտադրանքի տարանցումը Իրանի տարածքով, բացի այդ՝ պաշտոնական Թեհրանը պարտավորվում է «օժանդակություն ցուցաբերել այլ պետություններին և ժողովուրդներին` Երուսաղեմի ազատագրության գործում»:
Իրանի խորհրդարանը նաև պարտավորեցրել է արտաքին գործերի նախարարությանը վիրտուալ դեսպանատուն բացել Երուսաղեմում` ճանաչելով այն որպես «Պաղեստինի մայրաքաղաք»:
Նախապես ենթադրվում էր, որ այս նախաձեռնությամբ իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվելու է միջազգային մրցաշարարերի ընթացքում մրցել Իսրայելի դրոշի ներքո հանդես եկող սպորտսմենների հետ: Վերջին պահին, սակայն, այս դրույթը հեռացվել է օրենքի նախագծից: