Մատչելիության հղումներ

Իսրայելում հայկական կազմակերպությունները կարիքավորներին օգնող մարմին են ուզում ստեղծել


Իսրայել, արխիվ

Ինչպես Մերձավոր Արևելքի մյուս համայնքներում, այնպես էլ Իսրայելում հայկական կազմակերպությունները մտադիր են նոր մարմին ստեղծել, որն օգնություն կցուցաբերի առավել կարիքավոր ընտանիքներին:

2014-ին Իսրայելում ստեղծվել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը, որի մեջ ընդգրկված էին Դաշնակցական ու Ռամկավար կուսակցությունների տեղի կառույցների պատասխանատուները, «Բարեսիրաց» միությունն ու Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կրթական միությունները: Հանձնախմբի աշխատանքները 2016թ.-ից ավելի պասիվ էին ու հիմնականում ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ էին համընդհանուր ցույցերի ու հավաքների որոշումներ կայացնում:

Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել նույն կազմակերպությունների մասնակցությամբ նոր մարմին, այսպես կոչված` օպերատիվ շտաբ, որը կկարողանա սեփական միջոցներով օգնություն տրամադրել, թեկուզ սննդամթերքի տեսքով, առավել խոցելի ու ծանր պայմաններում հայտնված Իսրայելի հայերին: Երուսաղեմում միությունները հանդիպելու են Հայոց պատրիարքի հետ ու քննարկելու են այս կազմակերպության ստեղծման անհրաժեշտության խնդիրը:

Միևնույն ժամանակ Իսրայելում այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակն ավելի է բարդանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության` 4347 հիվանդ կա, 15 մարդ է մահացել, 59-ը գտնվում են ծայրաստիճան ծանր, 80-ը ծանր և 81 քաղաքացի միջին ծանրության վիճակում: Առողջացել է ընդհամենը 134 մարդ: Երկիրն ամբողջությամբ կարանտինի մեջ է, տանից կարելի է հեռանալ միայն 100 մետր, իսկ գնումներ կարելի է կատարել միայն մոտակա խանութներում:

Մարտի 26-ին հրապարակվեց Հայկական, Հունաց ու Լատինաց պատրիարքարանների հայտարարությունը, ըստ որի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար փակվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, սակայն եկեղեցական արարողությունները շարունակվելու են պարբերաբար:

Հիշեցնենք, որ տաճարի դռները փակվել էին նաև 2018թ.-ի գարնանը, բայց այն ժամանակ ընդդեմ Իսրայելի վարած քաղաքականության դեմ. կառավարությունը փորձում էր հարկատու դարձնել հազարամյակներով հարկերից ազատված պատրիարքարաններին:

«Ազատության» հետ զրույցում Երուսաղեմի «ՀՄԸՄ»-ի նախկին ատենապետ ու այս ձեռնարկի համահեղինակ Սերոբ Սահակյանը ներկայացրեց իրավիճակը Երուսաղեմում և Պաղիստինում: Նա նշեց, որ արևելյան Երուսաղեմում ոչ մի շարժ գրեթե չկա, ոչ կենսական անհրաժեշտության խանութները փակ են, տուրիստներ ևա չկան:

Բեթղեհեմում, ըստ պաշտոնական տվյալների, 80 հիվանդ կա, 2 մարդ մահացել է, մի մասն արդեն բուժվել է, սակայն Պաղեստինում ավելի խիստ միջոցներ են կիրառվում, քան Իսրայելում, համոզված է Սահակյանը:

«Այդ կողմերում գրեթե երթևեկություն չկա, դուրս են գալիս ուտելիքի, բանջարեղենի համար, ուրիշ ոչ մի շարժ չկա, ոստիկանությունը խիստ հսկում է», - նկատեց նա:

Ինչ վերաբերում է նոր մարմնի, արտակարգ շտաբի ստեղծման աշխատանքներին, ապա Սերոբ Սահակյանն ասաց, որ համայնքը նաև պիտի հոգա նման դեպքերում օժանդակության համար:

Լիբանանում և Սիրիայի հայկական համայնքներն արդեն կազմել են նման հանձնախմբեր, ու չափազանց կարևոր է նաև այստեղ ունենալ նման կառույց, որպեսզի վերջինս կարողանա օգնել կարիքավոր հայերին: Երուսաղեմում, օրինակ` «Հին» քաղաքում քանի որ շատ տարածքներ պատկանում են քրիստոնեական պատրիարքարաններին, ուստի հարկերի, բնակարանների ու խանութների վարձավճարների զիջումների ակնկալիքներ ունեն նաև հայերը:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի միջոցառումների չեղարկմանը, ապա նախկին ատենապետը համաձայն է ոչ թե չեղարկման, այլ հետաձգման տարբերակին. - «Հետաձգվելը, բնականաբար պիտի հետաձգվի, որովհետև եթե երթևեկության իրավունք չկա, ցույցի իրավունք ևս չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG