Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի խոշոր առևտրի կենտրոններում պատրաստվում են ընդունել հաճախորդներին


Երկու ամիս տևած դադարից հետ մայրաքաղաքի մոլերում, առևտրի կենտրոններում պատրաստվում են ընդունել հաճախորդներին. ախտահանում են, դասավորում են ապրանքները և վստահեցնում են՝ հետևելու են անվտանգության բոլոր կանոններին:

Կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը արգելեց առևտրի կենտրոնների գործունեությունը, մոլերում գործում էին միայն սուպերմարկետները։ Պարետատան որոշմամբ երկուշաբթի օրվանից առևտրի կենտրոնները հետևելով անվտանգության սահմանված կանոններին հաճախորդների առջև կրկին կբացեն դռները:

Պարետի որոշմամբ սահմանվել են առևտրի կենտրոնների գործունեության կանոններ. բոլոր տարածքներում օրական առնվազն երկու անգամ պետք է ախտահանում ու օդափոխություն իրականացվի։ Պարերտատան պահանջով աշխատողները օրական նվազագույնը երկու անգամ պետք է ջերմաչափվեն, հաճախակի լվացվեն, պարտադիր կրեն դիմակ և ձեռնոցներ։

«Երևան մոլ»-ի տասնյակ տաղավարներում նախապատրաստական եռուզեռ է, մի տեղ մաքրություն են անում, մի տեղ՝ ապրանքներ դասավորում։ Զարդերի վաճառակետում աշխատող Եվան մաքրություն էր անում, ասաց՝ լավ է լինելու։

«Հիմա զարդերն ենք մարքում, ստենդերն ենք մարքում, ախտահանում ենք: Պահպանելու ենք անվտանգության կանոնները. դիմակ, ձեռնոց, հեռավորություն», - ասաց Եվան:

Հագուստի խանութներից մեկում ոչ միայն ախտահանում էին իրականացնում այլև պատերն էին նոր ներկով թարմացնում, խանութի մենեջեր Էդգարը վստահեցնում է՝ անելու են այն, ինչ պարետատունն է պահանջում։

«Ներկում ենք, թարմացնում ենք, ախտահանում ենք, ապրանքները սաղ հավաքել ենք, ընդհանուր խանութը մի հատ մաքրենք, որ երկու օր է մնացել, հազիվ էլ հասցնենք», - նշեց խանութի մենեջերը:

Պարետի պահանջներին այստեղ ծանոթ էին:

Առևտրի կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Շուշան Ավագիմյանն էլ հայտնեց, որ առևտրի կենտրոնի ողջ տարածքում անվտանգության նորմերի պահպանման հսկիչներ են շրջելու և հերթապահելու:

«Ովքեր իրավասու են հրահանգել հաճախորդներին՝ պահպանել անվտանգության և սանիտարահիգիենիկ կանոնները, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի և ձեռնոցի կրումը և այլն: Իսկ խանութներից որևէ մեկի խախտման դեպքում, նրանք նաև կարող են խնդրել այցելուին լքել մոլի տարածքը», - ասաց Ավագիմյանը:

Այն հաճախորդները, ովքեր չեն կրի անհատական պաշտպանության միջոցներ, առևտրի կենտրոններ մուտք գործել չեն կարողանա։ 20 և ավելի քառակուսի մետր տարածք ունեցող կետերում յուրաքանչյուր անձ առնվազն 8 քառակուսի մետր տարածք պետք է ունենա, իսկ ավելի փոքր առևտրի օբյեկտներում միաժամանակ առավելագույնը երկու անձ կարող է լինել։ Յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկվեն միայն կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիները։

Եռուզեռ էր նաև «Փեթակ» առևտրի կենտրոնում, աշխատանքին այստեղ կարոտ էին մնացել։ Կենցաղային պարագաներ վաճառող Տաթևիկը հաճախորդների հոսք է ակնկալում։ Այսօր տարածքն էր ախտահանում:

Այլ տաղավարում աշխատող Ազնիվը նույնպես մաքրության գործին էր:

«Փոշի ա, պետք է մաքրենք, որ աշխատենք երկուշաբթի օրվանից», - ասաց Ազնիվը:

Մանկական խաղալիքների վաճառքով զբաղվող Անին գործընկերներից հետ չի մնում, ասում է՝ գործ կլինի:

«Փեթակ»-ի հարևանությամբ գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում հաճախորդների պակաս չկար, տնօրինությունից թեև վստահեցրին, որ այս պահին բաց են միայն մթերային խանութները, իսկ մյուսներն առայժմ նախապատրաստվում են: «Ազատությունը» ֆիքսեց, որ այլ տեսակի ապրանքներ վաճառողներն էլ այցելուներ ունեն։

XS
SM
MD
LG