Մատչելիության հղումներ

Հանրային տրանսպորտը կգործի նոր և խիստ կանոններով


Մեկուկես ամսվա դադարից հետո՝ մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը՝ նոր և խիստ կանոններով, որոնք սահմանել է պարետ Տիգրան Ավինյանը։

Ինչպե՞ս քաղաքացին կարող է օգտվել տրանսպորտից այս պայմաններում։ Առաջին կանոնը, թերևս, այն է, որ բոլոր տրանսպորտային միջոցներից, այդ թվում՝ տաքսիներից և մետրոյից օգտվելիս ուղևորը պետք է կրի ձեռնոց և դիմակ։ Դրանք չկրելու դեպքում քաղաքացին չի կարողանա երթևեկել, տեղեկացնում է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Խիստ կանոններ են, և կանոնների հետ կապված վերահսկումը լինելու է խիստ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են կանոնների իրականացման համար, իրականացնելու են խիստ վերահսկողություն», - ասաց Սիմոնյանը:

Ավտոբուսներից և միկրոավտոբուսներից օգտվելիս ուղևորը պարտադիր պետք է ախտահանի ձեռքերը։ Դրա համար մեքենայում կտեղադրվեն ախտահանիչ նյութեր։ Միկրոավտոբուսներում արգելված է կանգնած ուղևորների փոխադրումը։ Ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը, արգելվում են ինքնաշեն նստատեղերը։ Բացառություն են 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները, բայց դրանցում էլ կանգնած ուղևորները պետք է իրարից մեկ մետր հեռու լինեն։

Երևանի Տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մայրաքաղաքը սպասարկող ավտոբուսներն 8 մետր երկարություն ունեն, այսինքն՝ դրանցում կանգնած ուղևոր չի կարող լինել։

«Մենք 9 մետրից ավելի ավտոբուսներ այս պահին Երևանում շահագործվող, Երևանի համայնքը սպասարկող չունենք: Ունենք տրոլեյբուսներ 9 մետրից ավելի, 9 մետրից ավելի մենք պետք է այս դեպքում դիտարկենք տրոլեյբուսները», - նշեց Գալստյանը:

Պաշտոնյան ասաց՝ երեկվանից արդեն պատրաստվում են ուղևորափոխադրումը կազմակերպել նոր կանոններին համապատասխան։

«Իհարկե, ինչպես ասում են, փոքր երեխան էլ, որ սկսում է քայլել, մի փոքր ընկնում է, հետո է քայլում, հա, իհարկե, նոր իրավիճակ է, նոր երևույթ է, և հնարավոր է որոշակի բացթողումներ, բայց կփորձենք 1-2 օրում, եթե լինեն, արագ շտկել, որովհետև, բնականաբար, չի բացառվում` ինչ-որ որոշակի թերացումներ լինեն», - ընդգծեց Էդգար Գալստյանը:

Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է, որ ուղևորները մանրադրամ ունենան ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ Տրանսպորտում վճարման համար հատուկ արկղեր կտեղադրվեն։ Վարորդները ևս պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ, պարտադիր է նրանց ջերմաչափումը օրական երկու անգամ, առաջինը՝ աշխատանքի ներկայանալիս։ Ջերմող վարորդը չի կարող դուրս գալ երթուղի։ Պարտադիր է նաև տրանսպորտային միջոցների խորքային ախտահանումը։

Պարետի որոշմամբ չի խրախուսվում 65-ից բարձր տարիքի վարորդների աշխատանքը։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ տրանսպորտի վարորդների մի մասը հենց այդ տարիքի են։ Իրենք այս ընթացքում փորձել են նոր վարորդներ ներգրավել։ Ամեն դեպքում, խիստ կանոնները կդժվարացնեն տրանսպորտի աշխատանքը, ասաց նա:

«Այստեղ մենք խնդիր ունենք, իհարկե, ինչի՞ համար, որովհետև նրանք ունեն նաև համապատասխան որակավորում՝ փոխադրում իրականացնելու, խոսքը D կարգի վարորդական վկայականի մասին է: Ցավոք սրտի, երիտասարդության շրջանում հետաքրքրություն և D կարգի համապատասխան վարորդական վկայական ունեցողների քանակը քիչ է», - նշեց Գալստյանը:

Մետրոյում ևս կվերահսկեն, որ մարդիկ միմյանցից հեռավորություն պահպանեն, սպասասրահներում և վագոններում կլինեն ախտահանիչ նյութեր։ Մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը։

Մայիսի 18-ից կխստացվեն նաև տաքսիների պայմանները, մասնավորապես, կարգելվի նստել վարորդի կողքին։ Մեքենայում պետք է լինեն ախտահանիչներ և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ: Վարորդը պետք է կրի դիմակ և ձեռնոց։ Ավելի քան 3 ժամ տևած ուղևորությունից հետո սրահը պետք է օդափոխվի, դռների բռնակները, նստարանների արմնկակալները պետք է ախտահանել։

Հանրային տրանսպորտի համար սահմանված կանոնները վերահսկելու է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Տեսչության պետի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կիրականացնեն ստուգումները։ Գրիգորյանը նշեց՝ այս ահռելի աշխատանքն իրականացնելու համար կարիք կլինի համալրել ռեսուրսները։

«Մենք վերահսկողական գործառույթները բազմաթիվ դեպքերում իրականացնելու ենք ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ միասին և արդեն ունենք պայմանավորվածություն և՛ մարզերում, և՛ Երևան քաղաքում հատկապես գերբեռնված տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Համագործակցելու ենք Երևան քաղաքում նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության հետ, համագործակցելու ենք «Ավտոկայարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ», - ասաց տեսչական մարմնի պետի տեղակալը:

Երեկ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հունիսի կեսերից նախատեսում են բացել Հայաստանի օդային տարածքները։ Նրա խոսնակ Վահան Հունանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ սա նախնական տարբերակ է, որի իրագործման դեպքում կմշակվեն անվտանգության հատուկ կանոններ։

Ավիափոխադրում իրականացնող ընկերություններից Ryanair-ը, Wizz Air-ը, «Ավստրիական ավիաուղիներ»-ը հուլիսից արդեն կսկսեն թռիչքները դեպի Հայաստանը։ Այսօրվանից էլ վերականգնվելու են Ռուսաստանից Հայաստան կանոնավոր թռիչքները։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում այսօրվա դրությամբ նախատեսված է 2 թռիչք՝ դեպի Մոսկվա և Մինսկ և հակառակ ուղղությամբ։

XS
SM
MD
LG